Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԻ´ ԳԵՐԱԳՆԱՀԱՏԵՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ

Հայաստանի ԶՈՒ ավիացիայի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանի խոսքով, եթե Ադրբեջանն իր ռազմական ավիացիան զարգացնում է հարձակման համար, ապա Հայաստանը`՝ պաշտպանության։ Ադրբեջանը շեշտը դրել է սպառազինության քանակի վրա և մեծ միջոցներ է ծախսում ռազմական նոր տեխնիկա ձեռք բերելու համար: Սակայն դա արվում է ավելի շուտ քարոզչական խնդիրներ լուծելու, քան` ռազմական առավելության հասնելու նպատակով:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԴՐԱԾ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԵ ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆԸ ԴԻՄԱՆՈՒՄ Է 5 ՄԵՏՐԻՑ ԱՐՁԱԿՎԱԾ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԻՆՔՆԱՁԻԳԻ ԳՆԴԱԿԻՆ

Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում սկսել են արտադրել պոլիէթիլենից զրահաբաճկոններ: Դրանք, ինչպես մետաղյա զրահաբաճկոնները, դիմանում են 5 մետր հեռավորությունից արձակված` Կալաշնիկովի ինքնաձիգի և Տոկարևի ատրճանակից գնդակներին:
Մասնագետների կարծիքով, մոտ ապագայում պոլիէթիլենե զրահաբաճկոնները լիովին կփոխարինեն մետաղականներին: ԱՄՆ բանակում արդեն իսկ կեվլարե սաղավարտները փոխարինվում են պոլիէթիլենե սաղավարտներով:

ԱՐԱԲԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՈՐՑՆԵԼ 10 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում ժողովրդական հուզումների հետևանքով Ռուսաստանի ռազմարդյունաբերությունը կարող է կորցնել շուրջ 10 մլրդ դոլարի պատվեր:
Կորսված ամենամեծ շուկան լիբիականն է. 2010թ. Ռուսաստանն ու Լիբիան կնքել էին 1.3 մլրդ եվրոյի պայմանագիր, որի համաձայն` Ռուսաստանը այդ երկրին պետք է մատակարարեր մի քանի տասնյակ տանկ, մոտ 20 մարտական ինքնաթիռ, «Ֆավորիտ» զենիթահրթիռային առնվազն 2 համալիր, ինչպես նաև արդիականացներ ավելի քան 140 տանկ և այլ սպառազինություն:

ԱՅՍ ՏԱՐԻ ԱՄՆ-Ը ԿՎԱՃԱՌԻ ԿՐԿՆԱԿԻ ՇԱՏ ԶԵՆՔ, ՔԱՆ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ

ԱՄՆ-ը 2011թ. ֆինանսական տարում, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, կարտահանի 46.1 մլրդ դոլարի սպառազինություն: Դա համարյա կրկնակի ավելի է, քան անցյալ տարի:
2000-ական թթ. սկզբում ԱՄՆ-ը արտահանում էր 10 մլրդ դոլարի սպառազինություն: 2005թ. հետո այդ ցուցանիշը եռապատկվեց: Իսկ 2005-2010թթ. ԱՄՆ-ը արտահանել է 96.1 մլրդ դոլարի սպառազինություն: Ներկայում ԱՄՆ-ը ունի աշխարհի 165 երկրների հետ կնքված 13000 պայմանագիր, որոնց համաձայն` պետք է վաճառի 327 մլրդ դոլարի սպառազինություն:

ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ. ՄՈՍԿՎԱՅԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ «ՀՆԱՑԱԾ Է»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակման ռուսական ծրագիրը համարել է միջոցների զուր վատնում և Մոսկվայի «հնացած մտածելակերպի» վկայություն: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում, ինչի ապացույցը հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցելու հրավերն է Մոսկվային:
ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը այդ կապակցությամբ հայտարարել է, որ սպառազինությունների նախագծման ծրագրի կազմումը իրենց երկրի ներքին գործն է, և իրենք երկրի պաշտպանությունը ապահովելու են այն բոլոր միջոցներով, որոնք անհրաժեշտ են համարելու:

ՌՈՒՍ-ՀՆԴԿԱԿԱՆ ՀՐԹԻՌԸ ԿՓՈՐՁԱՐԿՎԻ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ

Մինչև տարեվերջ ռուս-հնդկական համատեղ ձեռնարկությունում արտադրվող «ԲրաՄոս» գերձայնային հրթիռը կարձակվի ջրի տակ: Բացի դրանից, շարունակվում է հրթիռի ավիացիոն տարբերակի մշակումը, որը, մասնավորապես, կտեղադրվի հատուկ Հնդկաստանի համար արտադրվող ռուսական Սու-30ՄԿԻ կործանիչների վրա:
«ԲրաՄոս Աէրոսփեյս լիմիթեդ» ձեռնարկությունում այս տարի կսկսվի նաև հրթիռի կատարելագործված տեսակի մշակումը: Նախատեսվում է, որ նոր հրթիռը կկարողանա շարժվել ձայնի արագությունը 5 անգամ գերազանցող արագությամբ, ինչը գործնականում այն կդարձնի անխոցելի:

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԼԻԲԻԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները քվեարկել են 2012թ. համար ռազմական հատկացումների օրենքում փոփոխություն կատարելու օգտին, որով նախատեսվում է սահմանափակել որոշ ծախսեր: Փոփոխված օրենքը ԱՄՆ նախագահին արգելում է առանց կոնգրեսի թույլտվության զորքերն ավելի քան 2 ամիս տևողությամբ մարտական գործողությունների ուղարկել: Փաստորեն, սահմանափակումը վերաբերում է նաև Լիբիայում ընթացող ռազմական գործողություններին, տվյալ դեպքում 60 օրը լրացել է դեռ մայիսի 20-ին: