Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԲԱՐՁՈՒՆՔԸ ՄԵՐՆ Է

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը իրավամբ համարվում է մեր զինված ուժերի համար սպաների պատրաստման դարբնոց: Զինվորական տարբեր մասնագիտությունների գծով ինստիտուտում բարձրակարգ ուսուցում է ստանում բանակի ապագա սպայակազմի հիմքը` վաղվա հրամանատարներն ու գեներալները, ընդ որում, այսօր արդեն բարձրաստիճան զինվորականների, դիրքերում զինվորների հետ միասին սահմանները վերահսկող սպաների մի զգալի մասը ինստիտուտի շրջանավարտ է:

Պենտագոնի վերլուծաբան Բարրի Ուոտսի կարծիքով, «սթելս» տեխնոլոգիան, որը թռչող սարքերն աննկատ է դարձնում հակառակորդի ռադիոլոկացիոն կայանների համար, մի քանի տարի հետո կարող է դառնալ ավելորդ: Պատճառն այն է, որ ԱՄՆ-ի հավանական հակառակորդները, մասնավորապես Ռուսաստանն ու Չինաստանը, կատարելագործում են ռադիոլոկացիոն ու զենիթահրթիռային համակարգերը, որոնք շուտով ունակ կլինեն հայտնաբերելու նաև «սթելս» տեխնոլոգիայով ստեղծված թռչող սարքերը:

Իսրայելի պաշտպանության նախարարության տեխնոլոգիական ստորաբաժանումը մշակել է «Emulsion» կոչվող համակարգը, որի շնորհիվ հնարավոր է պայթեցնել ստորերկրյա այն թունելները, որոնցով մաքսանենգները Սինայի թերակղզուց Գազա են տեղափոխում զենք և արգելված այլ ապրանքներ: Հատուկ մեքենաները հողի մեջ են բաց թողնելու հեղուկներ, որոնք առանձին-առանձին անվտանգ են, բայց ստորերկրյա խոռոչներում միանալու դեպքում վերածվում են պայթուցիկ նյութի:

Ռուսաստանի ցամաքային զորքերի 726-րդ ուսումնական կենտրոնում փորձարկվում է շարժական զենիթահրթիռային նոր համալիր (ՇԶՀՀ), որն իր մարտավարական-տեխնիկական բնութագրերով գերազանցում է եղած ՇԶՀՀ-ներին: Ծրագրի համաձայն` փորձնական-կոնստրուկտորական աշխատանքները կավարտվեն այս տարի, և պետպատվերի շրջանակներում զորքեր կառաքվի շուրջ 250 միավոր ԶՀՀ: Զորքերում ՇԶՀՀ-ները կտեղադրվեն շարժական պլատֆորմների վրա, որոնց շնորհիվ հնարավոր կդառնա հեռակառավարվող ավտոմատ կրակը:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մոտ ժամանակներս կգնի ամերիկյան «Boeing» ավիաընկերության արտադրած 6 ռազմատրանսպորտային «CH-47F Chinook» ուղղաթիռ: Գործարքի արժեքը մոտ 300մլն դոլար է: Թուրքիան մտադիր է ուղղաթիռների վրա տեղադրել իր իսկ արտադրած սարքավորումը: Եթե գործարքը կնքվի, Թուրքիան ուղղաթիռները կսկսի ստանալ 2013 թվականից:

Վերջերս Իրանը փորձարկել է սեփական արտադրության երկու նոր հրթիռ` «Մերսադ» և «Շահին», որոնք արդեն ընդգրկվել են երկրի ՀՕՊ ստորաբաժանումների սպառազինության մեջ: «Մերսադը» միջին հեռահարության հրթիռ է, որը նախատեսված է միջին և ցածր բարձրությունների վրա թռչող ժամանակակից ինքնաթիռներ խոցելու համար, հեռահարությունը 150կմ է: «Շահինի» մարտավարական բնութագրերի մասին տեղեկություններ չկան:

ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍ. ՆԱՏՕ-ԻՆ ՄՌԱՅԼ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՈՒՄ

ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը, որը հրաժարական է տալու հունիսի 30-ին, հայտարարել է` առկա միտումների պահպանման դեպքում ՆԱՏՕ-ն կարող է վերածվել ոչ կենսունակ կազմակերպության: Այժմ դաշինքի ֆինանսական ծախսերի 75 տոկոսը Ամերիկայի ուսերին է, և այդ բեռը կրելը գնալով ավելի դժվար է:
Գեյթսը նշել է, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները պետք է ավելի շատ միջոցներ հատկացնեն պաշտպանական ծրագրերին, որպեսզի դաշինքը շարունակի արդյունավետ գործել: