Նորություններ
Մոտ ժամանակներում ՌԴ ռազմական օկրուգների ՀՕՊ զորքերի մարտական հնարավորությունները կավելանան 40%-ով: Այս մասին հայտարարել է ՌԴ Ցամաքային զորքերի ՀՕՊ-ի պետ գեներալ-մայոր Ալեքսանդր Լեոնովը` նշելով, որ 2011թ. պետական պաշտպանական պատվերի շրջանակում ձեռք կբերվի ավելի քան 400 միավոր հրթիռահրետանային սպառազինություն, կարդիականացվի 100 միավորը:
Ռուսական «Սուխոյ» ընկերության փորձարկող-օդաչու Սերգեյ Բոգդանին շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում` «Су-35»-ի և 5-րդ սերնդի ռուսական հեռանկարային կործանիչի փորձարկումների համար: Համապատասխան հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը` բարձր գնահատելով օդաչուի ներդրումը ռուսական մարտական ավիացիայի զարգացման գործում:
Իսրայելի պաշտպանության նախարարությունում անհանգստանում են, որ այս տարվա սեպտեմբերին Պաղեստինի պետության անկախության միակողմանի հռչակման դեպքում շատ երկրներ կարող են հրաժարվել իսրայելական զենքից:
Անցած երկու տարիներին Իսրայելը ռազմական տեխնիկայի և սպառազինության արտահանման ծավալով աշխարհում 4-րդն էր. նրա ռազմական արտադրանքի արտահանման ծավալը կազմում էր տարեկան 7.5 մլրդ դոլար:
Թբիլիսիի նախկին տանկավերանորոգման գործարանում արտադրում են «Դիդգորի-1» և «Դիդգորի-2» զրահափոխադրիչները (անվանումն ընտրված է ի պատիվ այն վայրի, որտեղ վրացիները տարել են իրենց պատմության ամենամեծ ռազմական հաղթանակը), որոնք առաջին անգամ հանրությանը ներկայացվեցին մայիսի 26-ին տեղի ունեցած զինվորական շքերթի ժամանակ: Զրահափոխադրիչները տարբերվում են սպառազինությամբ (MINIGUN կամ 12.7մմ տրամաչափի գնդացիր) և տարողունակությամբ (7-9 մարդ): Զանգվածը մոտ 7 տոննա է:
Մայիսի 30-ին, Երևանի ժամանակով ժամը 19-ի մոտ, Իրանի կենտրոնական մասում` Սպահան քաղաքի մերձակայքում, կործանվել է «Cobra-209» մակնիշի ռազմական ուղղաթի, երկու օդաչուներն էլ զոհվել են: Նախնական տվյալներով, ուղղաթիռը օդում բոցավառվել է և վայր ընկել:
Իսպանիայում 8 մարդ է ձերբակալվել` Իրանին մաքսանենգ ճանապարհով 100 մլն դոլարի «Bell-212» մակնիշի ամերիկյան մարտական 9 ուղղաթիռ և դրանց պահեստամասեր վաճառելու կասկածով: Տեխնիկան և պահեստամասերը խուզարկությամբ հայտնաբերվել են Մադրիդի և Բարսելոնի մերձակայքում գտնվող` իսպանացի 5 գործարարների ձեռնարկությունների արհեստանոցներում:
Իրանի անվտանգության նախարար Հեյդար Մոսլեխին երկրի պետական և մասնավոր ընկերություններին զգուշացրել է գաղտնի տեղեկություն չտեղադրել Ինտերնետում և հետևել հետախուզության և անվտանգության ծառայությունների խորհուրդներին: Նա շեշտել է, որ երկրի հետախուզական համակարգը լիովին վերահսկում է կիբերտարածությունը և համակարգչային վիրուսներին թույլ չի տա թափանցել Իրանի ինտերնետային ցանց: