Նորություններ
Իսրայելի փոխվարչապետ, երկրի ռազմավարական հարցերով նախարար Մոշե Յաալոնը մայիսի 31-ին այցելել է Մոսկվա` ռուսական կողմին համոզելու, որ նա հրաժարվի Իրանին ու Սիրիային զենք վաճառելուց: Փոխվարչապետը նշել է, որ Իսրայելի համար դա ցավոտ հարց է, իսկ Ռուսաստանի կառավարությունն այն ընկալում է այլ կերպ:
Չինաստանում ատոմային էներգետիկան խթանելու նոր ձև են գտել: Չինացիները հայտարարել են, որ պատրաստ են ընդունել գերմանացի ատոմագետներին, որոնք հնարավոր է զրկվեն աշխատանքից ատոմային էներգետիկայից հրաժարվելու` ԳԴՀ կառավարությունում մշակվող ծրագրի պատճառով: Նաև նշել են, որ գերմանացի գիտնականներն ու ինժեներները մեծ հեղինակություն են վայելում աշխարհում, և նրանք կարող են աշխատել և հետազոտություններ կատարել Չինաստանում:
Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը և ամերիկյան բանակի հրամանատարությունը պայմանագիր են ստորագրել Աֆղանստանին ՄԻ-17 բազմանպատակ ռազմատրանսպորտային ուղղաթիռներ մատակարարելու վերաբերյալ: Գործարքի արժեքը կազմել է 367,5 միլիոն դոլար` 21 ուղղաթիռի դիմաց: Առաջին միավորները Աֆղանստանի ռազմաօդային ուժերին կփոխանցվեն այս տարվա վերջին: Պայմանագիրը նախատեսում է նաև սպասարկման և շահագործման աջակցություն:
Ռուսաստանի զինված ուժերի օդադեսանտային զորքերին տրամադրվել է շարժական առաջին… վանքը: Ռուս ուղղափառ եկեղեցու միջոցներով ստեղծված շարժական վանքը նախատեսված է դաշտային պայմաններում վարժանքների, զորավարժությունների, ինչպես նաև ռազմական հակամարտությունների ժամանակ զինծառայողների կրոնական պահանջները բավարարելու համար: Վանքն ստեղծվել է բեռնատար կցորդի բազայի վրա:
ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալությունը դադարեցրել է EKV հակահրթիռի վերջին տարբերակի արտադրությունը: Այն պետք է դառնա հակահրթիռային պաշտպանության հեռանկարային համակարգի հիմնական բաղադրիչը: Դադարեցնելու պատճառը հրթիռի` նախկինում կատարված արձակումների ժամանակ ի հայտ եկած թերությունների վերացման անհրաժեշտությունն է: Հատկանշական է, որ հրթիռի ավելի հին տարբերակներում անսարքություններ չեն գրանցվել:
ԱՄՆ պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական նախագծումների գործակալությունը մրցույթ է հայտարարել` սիրողական փոքր անօդաչու թռչող ապարատի ստեղծման նպատակով: Մրցույթում կթույլատրվի քաղաքացիական ինժեներների, համալսարանների լաբորատորիաների աշխատակիցների, անհատ ավիամոդելավորողների մասնակցությունը: Հաղթողը կստանա 100 հազար դոլար պարգևատրում և նրա հետ կկնքվի անօդաչուների սերիական արտադրության 2 միլիոն դոլարի պայմանագիր:
Մրցույթի պայմանների համաձայն` մասնակիցները պետք է ներկայացնեն օգտագործման ամբողջովին պատրաստ ավիացիոն համակարգ, որը կտեղավորվի զինվորական ուսապարկում:
Ռուսական «Բուրեվեստնիկ» գիտահետազոտական ինստիտուտի զինագործները ռազմական արտադրանքի ցուցահանդեսում ներկայացրել են հատուկ նշանակության ստորաբաժանումների համար նախատեսված նռնականետ: 82 մմ-անոց նռնականետի կրակոցի ժամանակ աղմուկ, կրակի բոց, ծուխ, հարվածային ալիք չի առաջանում: Եւ դա` շնորհիվ այն բանի, որ կրակելիս վառոդային գազերը «փակվում են» մարտագլխիկի հետևի մասում: Կրակելիս միայն թույլ ձայն է լսվում, որը համեմատելի է խլացուցիչով Կալաշնիկովի ինքնաձիգից կրակոցի ձայնի հետ: