Նորություններ
Իրանի պաշտպանության նախարարությունը մտադիր է կառուցել խոշոր հածանավեր և օվկիանոսային նավեր: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ահմադ Վահիդին` Սպահանի պոլիտեխնիկական ինստիտուտ կատարած այցի ընթացքում: Անցյալ տարվա փետրվարին իրանական նավատորմը համալրվեց տեղական արտադրության առաջին «Jamaran» հածանավերով:
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցը: «Ուրիշ ճանապարհ չկա, եթե մենք ուզում ենք համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,– կարծում է «Ռոսօբօրոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդատու Անատոլի Աքսենևը: Նրա խոսքով, համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախաձեռնությունը թուրքական կողմինն է:
2013 թվականին Թուրքիայի ԶՈՒ կհամալրվեն «T-129 ATAK» 51 ուղղաթիռներով, որոնք կարտադրվեն թուրքական ավիատիեզերական գործարանում: Մայիսի վերջին կսկսվի Թուրքիայում արտադրված փորձնական 3 նմուշների փորձարկումը գետնի վրա, իսկ մեկ-երկու ամսից` օդում: Ուղղաթիռների շարժիչը նախատեսված է բարձրլեռնային և շոգ կլիմայում շահագործվելու համար:
Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը 2 տարի ժամանակ է ստացել` ուսումնասիրելու համար սեփական արտադրության կործանիչ ստեղծելու նպատակահարմարության հարցը: Օտարերկրյա հայտնի ընկերությունները` Boeing-ը, Lockheed Martin-ը, Saab-ը և բրազիլական Embraer-ը թուրքական ընկերությանն արդեն առաջարկել են իրենց աջակցությունը:
«Մեր գերակա խնդիրը հեռահար հրթիռների ներմուծումն է Ադրբեջան»,– օրերս Ստամբուլում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Նրա խոսքով, այս խնդրի շուրջ Ադրբեջանը բանակցում է չինական երկու ընկերությունների հետ:
Օրերս Թուրքիայում տեղի ունեցած` ռազմական արտադրանքի IDEF-2011 ցուցահանդեսի ընթացքում Ադրբեջանը ուկրաինական ընկերության հետ պայմանագիր է ստորագրել հակատանկային կառավարելի հրթիռների համատեղ արտադրության վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:
Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան մայիսի 16-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան և հանդիպել այդ երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վրաց-ադրբեջանական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: