Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՋՐԱՐԿՎԵԼ Է «ԻՆՉԽՈՆ» ՖՐԵԳԱՏԸ

Հարավկորեական Hyundai Heavy Industries ընկերությունը ջրարկել է FFX դասի առաջին ֆրեգատը` «Ինչխոն» անունով: Նավի կառուցումը կավարտվի ջրի վրա, որից հետո այն փորձարկումների կենթարկվի և 2013թ. կընդգրկվի սպառազինության մեջ: Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը նոր նավը կօգտագործեն հակասուզանավային պայքարի համար: FFX դասի առաջին նավը կառուցելու` մոտ 130 միլիոն դոլարի պայմանագիրը ստորագրվել է 2008թ.: Առայժմ այսպիսի 6 ֆրեգատ կառուցելու ծրագիր կա: Բոլորը պետք է պատրաստ լինեն մինչև 2015թ. վերջը:

ՇՎԵԴԻԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ

Այսուհետ շվեդական բանակի Agusta Westland AW109 ուղղաթիռների տեխնիկական սպասարկումը կիրականացնի շվեդական SAAB ընկերությունը: Ընկերության և Շվեդիայի զինված ուժերի նյութական ապահովման գործակալության միջև համապատասխան պայմանագիր է ստորագրվել 6 տարի ժամկետով` դրա ավարտին ևս 2 տարով այն երկարացնելու հնարավորությամբ: Գործարքը կարժենա շուրջ 145 միլիոն դոլար: Պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2012 թվականից:

Ս.թ. մայիսի 4-ից 7-ը Արմավիրի ուսումնական զորամասում անցկացվում է պայմանագրային սերժանտների ավարտական քննությունների հանձնում:
Քննությունների ընթացքում կստուգվեն պայմանագրային սերժանտների գիտելիքները, ունակություններն ու հմտությունները:

Ս.թ. մայիսի 10-ից 14-ը 5-րդ ԲԿ զորամասերից մեկի բազայի վրա կանցկացվի մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:

Ս.թ. մայիսի 24-ից 27-ը Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերի զորամասերում կանցկացվի մարտական պատրաստության գործընթացի վերահսկում և հրամանատարներին մեթոդական ու գործնական օգնության ցուցաբերում: Միջոցառման նպատակն է վերացնել մարտական պատրաստության պլանավորման, հաշվառման, անհրաժեշտ փաստաթղթերի մշակման, հավաքների և պարապմունքների անցկացման թերությունները:

Գերմանիայի կառավարությունը որոշել է ևս մեկ տարով երկարաձգել Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությանը երկրի զինված ուժերի մասնակցության մանդատը: Նույն որոշմամբ նախատեսվում է գերմանական զորակազմի առավելագույն թվաքանակը կրճատել 2500-ից մինչև 1850-ի: Որոշումը դեռ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, սակայն Կոսովոյում միջազգային ուժերի թվի աստիճանական կրճատման պայմաններում այն ամենայն հավանականությամբ կընդունվի:

ԱՄՆ-ը և Ռումինիան պայմանագիր են ստորագրել վերջինիս տարածքում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի բաղադրիչների տեղակայման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն: Իր հեռուստաելույթում նա հատուկ ընդգծել է, որ ՀՀՊ համակարգի բաղադրիչները ռուսական հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար չեն: Նշված նպատակի համար կհատկացվի երկրի հարավում օդուժի նախկին ռազմաբազաներից մեկը, ուր կտեղակայվեն մի քանի հարյուր ամերիկյան զինծառայողներ: