Նորություններ
Կարծես գտնվել է աֆղանական զինվորների առողջական տարածված խնդրի` ատամնացավի, լուծումը: Աֆղանստանի Քանդահար օդանավակայանի զինվորական ատամնաբույժները փորձարկում են ռենտգենյան ճառագայթների վրա հիմնված նոր շարժական համակարգը, որը կարող է ամբողջովին լուծել այդ հարցը: «Nomad Pro» ռենտգենյան նոր համակարգը կշռում է 5,5 ֆունտ` մոտ 3 կգ, դրա միջոցով ստացվում են ռենտգենյան թվային լուսանկարներ, իսկ աշխատանքի համար չի պահանջվում մութ միջավայր:
Ամերիկյան հեռանկարային F-35 Lightning ΙΙ կործանիչը, որ ստեղծվում է որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամենաթանկ ինքնաթիռի` F-22 Raptor-ի այլընտրանք, տարեցտարի ավելի թանկարժեք է դառնում: ԱՄՆ պաշտպանական գերատեսչություն ներկայացրած վերջին վերլուծությունների համաձայն՝ մինչև 2450 միավոր ինքնաթիռների շահագործման համար 30 տարիների ընթացքում կպահանջվի շուրջ մեկ տրիլիոն դոլար: 2009թ. նմանատիպ վերլուծություններում խոսվել է 915 միլիարդ դոլարի մասին:
Բուլղարիայի պաշտպանության նախարարության հրապարակած վերազինման ծրագրի համաձայն՝ առաջիկա 10 տարիների ընթացքում նախատեսվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա գնել, այդ թվում՝ կործանիչներ, տեղորոշիչ համակարգեր ռազմածովային ուժերի համար, կապի միջոցներ և այլն: Այդ նպատակների համար կծախսվի 1,5 միլիարդ դոլար: Ծրագրում ներառված են 13 կարևոր նախագծեր, որոնցից առաջնահերթը բազմանպատակային կործանիչի ձեռքբերումն է: Գումարի գրեթե կեսը կհատկացվի հենց կործանիչների գնման համար:
Չինաստանն ակտիվացրել է մարտական նոր ինքնաթիռների նախագծման և փորձարկման աշխատանքները: Այս տարվա հունվարին հայտնի դարձավ հինգերորդ սերնդի չինական կործանիչի` J-20-ի թռիչքային փորձարկումների մասին, իսկ օրերս համացանցում հայտնվեցին նաև J-15-ի` տախտակամածային ինքնաթիռի լուսանկարներ: J-15-ը տեղակայվելու է «Շի Լան» ավիակրի վրա, որի ընթացիկ փորձարկումները կսկսվեն մինչև այս տարվա վերջ:
Ռուսաստանի Դաշնության ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում ներդրվում է նոր սերնդի մարտական ղեկավարման ավտոմատացված համակարգ: Այն ապահովում է ռազմավարական սպառազինության կիրառման ծրագրերի օպերատիվ փոփոխություն և հրթիռների ապաուղղորդում: Ընդ որում, մարտական ղեկավարման հրամաններն անմիջականորեն հասցվում են մինչև հրթիռների արձակման կայաններ` շրջանցելով միջանկյալ օղակները, այդ թվում ատոմային ներգործության և ռադիոէլեկտրոնային ճնշման պայմաններում:
Կանադայի պաշտպանության նախարարությունը մտադիր է տարբեր տիպի 1500 ռազմական բեռնատար, մերձամարտի համար նախատեսված 108 մեքենա, պարեկային 500 զրահամեքենա և ինժեներական արգելափակման 13 մեքենա գնել: Այդ նպատակով կծախսվի 5 միլիարդ կանադական դոլար (5,26 միլիարդ ԱՄՆ դոլար): Բոլոր մեքենաները կգնվեն մրցույթի հիման վրա, որին կմասնակցեն BAE Systems, Daimler, Oshkosh, Renault, Textron և այլ ընկերություններ: Պայմանագիրը կնքելուց հետո առաջին մատակարարումները կսկսվեն 2015թ.:
Մարտի 24-ին Իրաքի պաշտպանության նախարարը պաշտոնապես ընդունել էր Machine-building Design Bureau (KMDB) ուկրաինական ընկերության 26 զրահապատ մարտական մեքենաները: Ապրիլի 20-ին արդեն «KMDB»-ն 8×8 BTR-4 զրահապատ մարտական մեքենաների առաջին խմբաքանակն ուղարկել է Իրաք: Ակնկալվում է, որ մնացած մեքենաները Իրաք կժամանեն մայիս ամսին: