Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԻ ԱՃ

2010թ. Իսրայելի ռազմական արտահանման ծավալը հատել է 7,4 միլիարդ դոլարի սահմանը: Վերջնական ճշտված տվյալները կհրապարակվեն լրացուցիչ ծառայությունների մատուցման պայմանագրերի տվյալները հաշվարկելուց հետո: Ամեն տարի Իսրայելի ռազմական արդյունաբերության համակարգի արտադրանքի շուրջ 80 տոկոսը արտահանվում է, ընդ որում՝ արտահանման ծավալը տարեցտարի աճում է, համեմատության համար նշենք, որ 2005թ. այն կազմել է 3,5 միլիարդ դոլար: Սակայն երկրի ռազմական արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ արտահանման ծավալը առաջիկա տարիներին կկրճատվի:

ԻՍՐԱՅԵԼԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԻՑ

Հանրահայտ Վիքիլիքս կայքի հրապարակած նյութերի համաձայն՝ դեռ 5 տարի առաջ Իսրայելը հրաժարվել է Իրանի ատոմային օբյեկտները ոչնչացնելու նպատակով ռազմական օպերացիա անցկացնելու գաղափարից: Լրատվամիջոցներին, մասնավորապես «Հաարեց» թերթին արդեն փոխանցված դիվանագիտական գրագրության մի մասը ԱՄՆ կոնգրեսական Գարի Ակերմանի և Իսրայելի ատոմային էներգետիկայի հանձնաժողովի պետի տեղակալ Արիել Լեվիտի հանդիպման արդյունքներն է արձանագրում: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ Լեվիտը հայտնել է, որ Իսրայելի ղեկավարությունը Իրանի դեմ ռազմական օպերացիան առավելապես անհնարին է համարում:

Ադրբեջանի Սալյանի շրջանից մինչև Հաջիքաբուլ ընկած տարածքում երկրակեղևը ճեղքվել է: Որոշ տեղերում ճեղքի լայնությունը հասնում է 2 մետրի: Ադրբեջանի ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի սեյսմոլոգիայի և երկրադինամիկայի բաժնի վարիչ Ֆահրեդդին Գադիրովի խոսքով, այդ մասին ահազանգել են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նշված տարածքի արևելյան մասը 5-10 սանտիմետրով իջել է ծովի կողմը: Որոշ տեղերում նկատելի են ցեխային հրաբուխներ: Բացի դրանից, Հաջիքաբուլում տեղի են ունեցել 3.5, 3.6 և 3.2 միավոր մագնիտուդով երկրաշարժեր:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 8-ին ընդունել է ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրենկ Բոլանդին: Հանդիպման ընթացքում Ֆրենկ Բոլանդը պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման ու վերանայման գործընթացի գնահատման արդյունքների վերաբերյալ նախնական դիտարկումները: Քննարկվել են նաև ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայմանն առնչվող հարցեր:

ԹՈՒՐՔ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊ

Թուրքիայի և Իրանի միջև մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպը կարող է վատացնել նրանց հարաբերությունները, ինչը լրջորեն մտահոգում է Ադրբեջանին: Հիշեցնենք, որ մարտի 21-ին Սիրիայի Հալեպ քաղաք թռչող իրանական ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածքով անցնելու թույլտվություն է խնդրել: Թուրքիան խնդրանքը բավարարել է` պայմանով, որ ինքնաթիռը տեխնիկական վայրէջք կատարի և խուզարկվի: Արդյունքում իրանական ինքնաթիռում հայտնաբերվել է զգալի քանակությամբ զենք` «ավտոմեքենայի պահեստամասերի» անվան տակ: Թուրքիան այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Ապրիլի 14-ից 16-ը Լոռու մարզի զորամասերից մեկում տեղի կունենա հավաք-խորհրդակցություն ՀՀ զինված ուժերի զորամասերի մարտական պատրաստության բաժինների և բաժանմունքների պետերի հետ: Միջոցառման նպատակն է կատարելագործել սպաների տեսական գիտելիքներն ու գործնական վարժվածության մակարդակը մարտական պատրաստության գործընթացի կազմակերպման և դրա ընթացքի վերահսկման ոլորտներում:

Ապրիլի 18-ից 23-ը պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի կունենա մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն: