Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ ՎԵՏԵՐԱՆԸ

ԱՄՆ-ում 110 տարեկան հասակում մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից ամերիկյան վերջին վետերանը: Նա զորակոչվել է տասնյոթ տարեկանում, Ֆրանսիայի և Գերմանիայի տարածքում ծառայել է որպես վարորդ, հասել է կապրալի աստիճանի: Աշխատանքի բերումով շատ է ճանապարհորդել: 1941թ. Ֆիլիպիններում գերի է ընկել կղզիները գրաված ճապոնացիներին և երեք տարի անցկացրել է գերության մեջ: 2009թ. ելույթ է ունեցել ԱՄՆ Սենատում` կոչ անելով Առաջին համաշխարհային պատերազմում զոհված ամերիկացի զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին օրենսդրորեն ազգայինի կարգավիճակ տրամադրել։

Ռուսաստանի զինված ուժերի Դաստիարակչական աշխատանքների գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-լեյտենանտ Անատոլի Բաշլակովը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման: Զինվորական դատարանը նրան մեղադրել է 700 000 ռուբլի կաշառք վերցնելու համար:

«ԷՆԹԵՐՓՐԱՅԶՆ» ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՐԵԼ ԴԵՊԻ ԼԻԲԻԱ

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Էնթերփրայզ» ավիակիրը` աշխարհի ամենաերկար ռազմանավը, ուղղվել է դեպի Լիբիա: Ավիակիրը կտեղակայվի ափամերձ տարածքում և այդ երկրում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի անցանկալի զարգացումները զսպող գործոն կարող է հանդիսանալ: Մասնավորապես՝ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ղեկավարները նախազգուշացրել են Քադդաֆիի հակառակորդներին պաշտպանելու նպատակով ռազմական ուժ կիրառելու իրենց պատրաստակամության մասին:

1991թ. փետրվարի 24-ին, երբ դաշնակիցների զորքերը ԱՄՆ գլխավորությամբ սկսեցին Իրաքի դեմ ցամաքային օպերացիան, Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնը բարկացած անպատվել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին` նրան անվանելով «խաբեբա» և պնդելով, որ Գորբաչովը կամ բավականաչափ ազդեցություն չունի, կամ էլ պարզապես չի ցանկանում կասեցնել ԱՄՆ նախագահ Բուշին: Այս մասին գրում է «The New York Times»-ը` վկայակոչելով 2003թ. ամերիկացիների հափշտակած իրաքյան արխիվի գաղտնազերծված փաստաթղթերը:

«The Washington Times»-ի մեկնաբան Ջեֆրի Կուների կարծիքով, ԱՄՆ բանակում համասեռամոլների նկատմամբ «Մի հարցրու, մի ասա» քաղաքականության գործադրումը անխուսափելիորեն կհանգեցնի «աշխարհում ամենահզոր բանակի մարտական ոգու և համախմբվածության անկմանը»:
«Մի հարցրու, մի ասա» սկզբունքի էությունն այն է, որ համասեռամոլներն իրավունք ունեն ծառայելու ամերիկյան բանակում` պայմանով, որ չեն քարոզելու իրենց սեռական նախասիրությունները, իսկ մյուսներն էլ չպետք է հետաքրքրվեն իրենց ծառայակիցների սեռական կողմնորոշմամբ:

Իրանն ու Սիրիան պայմանագիր են ստորագրել համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: Պայմանագրով նախատեսվում է նաև «գաղափարների, նախագծերի և մասնագետների փոխանակում»: Պայմանագրի դրույթների իրագործումը կնպաստի տարածաշրջանում Իրանի ազդեցության մեծացմանը:

Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները կարող են լրջորեն ազդել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում միգրացիոն գործընթացների վրա: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի իններորդ նիստում: