Նորություններ
Ըստ Bloomberg պարբերականի, թունիսյան եւ եգիպտոսյան հեղափոխությունների սցենարով իշխանափոխություն է սպասվում նաեւ Ադրբեջանում։
2003թ. Ադրբեջանի նախագահի աթոռն իր հորից ժառանգած Իլհամ Ալիեւը նույնպես կարժանանա Հոսնի Մուբարաքի ճակատագրին, եթե չեղյալ չհայտարարի նոյեմբերին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները»,- գրում է պարբերականը՝ հիշեցնելով, որ ընտրությունների արդյունքում 125 տեղից 124-ը զբաղեցրել են Ալիեւ կրտսերի կողմնակիցները։
2008թ. կազմակերպված Արցախյան մեծ հարսանիքին մասնակցած 674 զույգերից 550-ը 615 երեխա են ունեցել։ Ծնվածներից մեծ մասն արական սեռի ներկայացուցիչներ են։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կոնգրեսական Ֆրենկ Փալոնն իր ելույթում նշել է, թե Սումգայիթի հայկական ջարդերը հայ ժողովրդի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի մեկ օրինակ են միայն, որից երկու տարի հետո Ադրբեջանից անհետացել է 450 հազարանոց հայկական համայնքը։ Ադրբեջանի ղեկավարությունն իրականացրել է հայ բնակչության էթնիկ զտում եւ զանգվածային արտաքսում։ Փալոնն անհրաժեշտ է համարում, որ ԱՄՆ-ը ագրեսիվ հարեւաններով շրջապատված Հայաստանի անվտանգության երաշխավորը լինի։
Ռուսաստանի Դաշնությունում փետրվարի քսաներեքը պետական տոն է` Հայրենիքի պաշտպանի օրը:
Հայաստանում տոնը պաշտոնապես չի նշվում, սակայն այս փետրվարի 23-ին էլ Հաղթանակ զբոսայգին մարդաշատ էր. առավոտյան զբոսայգի այցելեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ և զինծառայողներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Նրանք ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշաքարին:
Մարտ ամսին Պերուի կառավարությունը ռուսական ևս երկու Ми-35 ուղղաթիռ կգնի` թմրանյութերի վաճառքով զբաղվողների և «Փայլող ճանապարհ» կազմակերպության պարտիզանների դեմ պայքարելու համար: Անցյալ տարի կառավարությունը ձեռք էր բերել ռուսական վեց Ми-17 տրանսպորտային և երկու Ми-35 մարտական ուղղաթիռ: Վերջիններս սպառազինված են հրանոթով և ունեն կրակային մեծ հզորություն:
1979թ. իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Իրանի երկու ռազմանավ փետրվարի 22-ին մտել է Սուեզի ջրանցք: Դրանցից մեկը 1500 տ ջրատարողությամբ «Ալվանդն» է, մյուսը` 33000 տ ջրատարողությամբ և 250 հոգանոց անձնակազմով «Խարգը»: Երկու նավերն էլ 1970-ականներին արտադրվել են Մեծ Բրիտանիայում` հատուկ Իրանի համար:
Աբու-Դաբիի ցուցահանդեսների ազգային կենտրոնում (Արաբական Միացյալ Էմիրություններ) փետրվարի 20-24-ը կազմակերպված պաշտպանական ոլորտի միջազգային 10-րդ ցուցահանդեսում ցուցադրվելու է նաև «Eurofighter Typhoon» ռազմական բազմանպատակային ինքնաթիռը: Այն արդեն իսկ ընդգրկված է Սաուդյան Արաբիայի թագավորական ՌՕՈՒ կազմում և համարվում է կատարյալ «անապատի արծիվ»:
Ինքնաթիռն արդեն իսկ իր հնարավորությունները ցուցադրել է Պարսից ծոցի շոգ և խոնավ կլիմայում և ապացուցել, որ քարշի ուժի և զանգվածի բացառիկ հարաբերակցության շնորհիվ այլ ինքնաթիռներից ավելի լավ է դիմանում կլիմայական բարդ պայմաններին: