Նորություններ
ԱՄՆ զինված ուժերի գործող օդաչուները մինչև տարեվերջ կսկսեն վարժանքները F-35 Lightning II կործանիչներով: Ուսումնական ծրագրային ապահովմամբ քսան F-35A ինքնաթիռներ կտեղակայվեն Էգլին ռազմակայանում: Հրահանգիչների կարճատև վերապատրաստումից հետո կսկսվի օդաչուների լայնածավալ ուսուցումը:
Այս մոտեցման յուրահատկությունն այն է, որ գործող օդաչուները հնարավորություն կունենան ընտելանալու ինքնաթիռին, որի նախագծման ծրագիրը դեռ ավարտված չէ, և ինքնաթիռն էլ վերցված չէ սպառազինության:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում՝ Ջրաբերդի ուղղությամբ, այսօր` փետրվարի 17-ի առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության:
Արցախի ՊԲ-ից տեղեկացնում են, որ հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:
Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչը հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաշվարկել է 2012թ. ֆինանսական ծախսերը: Կոնգրեսում հաստատվելու դեպքում գերատեսչությունը կստանա 670,6 միլիարդ դոլար, որից 117,6 միլիարդը կծախսվի երկրից դուրս ռազմական օպերացիաների անցկացման համար, 113 միլիարդը կուղղվի նոր սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, 75,3 միլիարդ` հետազոտական աշխատանքների, նախագծումների, փորձարկումների իրականացմանը: 142,8 միլիարդ դոլար կվճարվի զինվորական անձնակազմին, 1,7 միլիարդով զինծառայողների համար շինարարություն կիրականացվի և այլն:
Ավստրալիայի կառավարությունը պաշտպանության նախարարության ներկայացմամբ նախանշել է երկրի ռազմական կարևորագույն երեք նախագծերը: Դրանք են «Անզակ» դասի ֆրեգատների էլեկտրոնային համակարգերի արդիականացումը, զինված ուժերի կապի ցանցի ընդլայնումը, հատուկ նշանակության զորքերի կապի միջոցների և ռազմական տեխնիկայի արդիականացումը: Նշված ծրագրերի իրականացման համար կպահանջվի 499-999 միլիոն դոլար։
ՌԻԱ Նովոստի գործակալությունը հայտնում է, որ Մոսկվայի երկինքը կպաշտպանեն Ս-400 զենիթահրթիռային համակարգերը: Նախատեսվում է քաղաքի շուրջ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների թիվը 2016-2020 թ.թ. հասցնել 4-ի, մարտ ամսին արդեն կավարտվի հրթիռային երկրորդ գնդի համալրումը նոր տեխնիկայով:
Ս-400 (Տրիումֆ) համակարգերը կարող են ոչնչացնել «սթելզ» (անտեսանելիության) տեխնոլոգիայով նախագծված ինքնաթիռներ, հրթիռներ մինչև 400 կիլոմետր հեռավորության վրա, 5 մետրից մինչև 30 կիլոմետր բարձրության վրա, վայրկյանում 4,800 մետր արագությամբ թռչող օբյեկտներ:
2011թ. կեսից Ադրբեջանը կսկսի վերահսկել բոլոր այն նավերը, որոնք մտնում կամ դուրս են գալիս Կասպից ծովի ավազան: Այդ նպատակով արդեն իսկ Ադրբեջան է ներմուծվել հատուկ սարքավորում, որը ներառվելու է այսպես կոչված հսկողության հեռահար համակարգում: Վերջինս տիեզերական արբանյակի միջոցով արձանագրելու է նավերի արագությունն ու ուղղությունը, ինչպես նաև տեղեկություն է հավաքելու նավաբեռի մասին («apa.az», 02.02.2011):
2010 թ. ապրիլին մեկնարկած «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի արդյունքներն ամփոփելու եւ ընթացիկ տարվա խնդիրները ներկայացնելու նպատակով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 16-ին հանդիպել է ծրագրի մասնակիցների՝ գիտության և մշակույթի գործիչների, զինված ուժերի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչների, ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդամների հետ:
Ծրագրի շրջանակներում կատարվել է 153 այցելություն ԶՈՒ զորամասեր, կազմակերպվել 241 դասախոսություն: