Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Մայոր Հ. Աթոյանի հրամանատարությամբ գործող սահմանամերձ գումարտակը շուտով կունենա իր նոր գրադարանը։ Սպայակազմի ջանքերով կյանքի կոչված այս նախաձեռնությունը հրաշալի նվեր է զինծառայողներին՝ զինված ուժերի ստեղծման 19-րդ տարեդարձի կապակցությամբ։ Սկզբնական շրջանում գրադարանն ունենալու է 500 կտոր գիրք, հիմնականում՝ հայալեզու գրականություն։ Գրադարանի բացումը տեղի կունենա փետրվարի 1-ին։

«Հունիսի 12-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Մինչ այդ հայ-թուրքական հարաբերություններում որևէ դրական փոփոխություն ակնկալել պետք չէ»,- «Հայ զինվորին» ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հունվարի 26-ին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունները վավերացրել են «խաղաղապահ ուժերի ձևավորման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, և որոշվել է այդ ուժերի որակական ու քանակական կազմը` շուրջ 3,5 հազար զինծառայող և իրավապահ մարմինների ավելի քան 500 ներկայացուցիչ»:

«Արցախցի զոհված ազատամարտիների ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը կլուծվի 2-3 տարվա ընթացքում»,- հունվարի 25-ին ԼՂՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը (newsarmenia.ru):

«Միանշանակ է, որ Հարավային Սուդանում տեղի ունեցած անկախության հանրաքվեն կարող է նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի համար»,- ասում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ըստ նրա` Ղարաբաղի դեպքը շահեկանորեն տարբերվում է Հարավային Սուդանի դեպքից. վերջինս ուրիշ երկրի կազմում երբեք ինքնավարություն չի ունեցել, իսկ հարավսուդանցիները սուդանցիներից որպես ժողովուրդ համարյա ոչնչով չեն տարբերվում (regnum.ru):

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով, մեր տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է Հայաստանին: «Արտաքին ոչ մի ճնշում չի ստիպի հայկական կողմին տարածքային զիջում անել»,- հունվարի 26-ին ասել է նա (regnum.ru):

«Ընթացիկ տարում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էական փոփոխություններ չեն լինի: Տարին կլինի նախագահական ընտրություններին պատրաստվելու տարի»,- հունվարի 25-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաևը (novosti.az):