Նորություններ
Հունիսի 26-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր: Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 24-րդ տարեդարձը: ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական գործողություններին զուգընթաց` պետության և ազգային բանակի համար բեկումնային ժամանակահատվածում:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեդակալ Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և դրանց ենթատեքստում համահայկական կարևորություն ստացած և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաև դրանց առնչությամբ սփյուռքահայ համայնքի հետ ավելի սերտ համագործակցության հնարավորություններին:
Հունիսի 23-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2016թ. աշխատանքային պլանի համաձայն այցելել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորում: Այցելության ընթացքում ռազմական կցորդներին են ներկայացվել որոշ մանրամասներ բանակային զորամիավորման կառուցվածքի և գործունեության վերաբերյալ: Նուբարաշեն զորավարժարանում օտարերկրյա ռազմական կցորդներին ցուցադրվել են տարբեր հրաձգային զինատեսակներ, ապա ընձեռվել է դրանք փորձարկելու հնարավորություն:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքները, նախանշվել են աշխատանքային հետագա ծրագրերը:
Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ՀՀ ռազմաարդյունաբերական ձեռնարկություններից մեկում, որտեղ մասնակցել է նոր արտադրամասի բացմանը:
Ողջունելով արարողության մասնակիցներին և ձեռնարկության աշխատակազմին՝ ՀՀ պաշտպանության նախարարը փաստել է՝ որ տարեցտարի հետևողականորեն ընդլայնվում են հայրենական ռազմարդյունաբերության հնարավորությունները եւ համոզմունք հայտնել, որ Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի ստեղծմամբ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող և զինված ուժերին աջակցող այլ կազմակերպություններ շարունակաբար կզարգացնեն իրենց հնարավորությունները՝ թողարկվող արտադրանքով նպաստելով զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:
Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետեր, բանակային զորամիավորումների հրամանատարներ: