#09 (874) 09.03.2011 – 16.03.2011
Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ մարտի 5-ի առավոտյան Եռաբլուր պանթեոն այցելեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան սպաներ եւ զինծառայողներ: Նրանք ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաեւ Վազգեն Սարգսյանի մարտական ընկերներն ու պարզապես քաղաքացիներ, դպրոցականներ: Թիվ 84 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ փոխգնդապետ Հ. Սարգսյանը նշեց, որ դպրոցականները մեծ հետաքրքրասիրությամբ են լսում Վազգեն Սարգսյանի մասին իր պատմածները. «Սպարապետի շիրիմին մեր այցելությունը երիտասարդներին հայրենասիրության դասեր տալու հրաշալի հնարավորություն է»:
Գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումը 2010թ. ընթացքում հաջողությամբ կատարեց առաջադրված բոլոր խնդիրները եւ ազգային բանակում ճանաչվեց լավագույնը։ Իսկ նույն զորամիավորման զորամասերից մեկը, գնդապետ Վ. Գրիգորյանի հրամանատարությամբ, լավագույնը ճանաչվեց եւ պատվո դրոշով պարգեւատրվեց հանրապետության պետական սահմանի պահպանության գործում ցույց տված բարձր արդյունքների համար։
Կասկածից վեր է, որ ստեղծված իրավիճակում սահմանի հուսալի պահպանությունն ամենակարեւոր առաջադրանքն է, միեւնույն ժամանակ հարկավոր է համոզվել, որ զորամասը կարող է առաջադրանքները կատարել նաեւ ակտիվ պաշտպանության կազմակերպման ժամանակ։ Գաղտնիք չէ, որ գիտելիքների, կարողությունների ստուգման, ճշտման, ինչպես նաեւ ունակությունների զարգացման ու կատարելագործման լավագույն միջոցը մարտավարական զորավարժությունն է։