#37 (902) 22.09.2011 – 28.09.2011
-Օմարի մարտերում Տիգրանը կորցրել էր ոտքերը եւ բուժվում էր Երեւանի կենտրոնական հոսպիտալում։ Կինս՝ Աննան, բուժքույր էր։ Կնոջս եղբայրը՝ Գեւորգը, զոհվել էր Օմարում։ Տիգրանը պատմում էր Օմարի կռիվներից, զինվոր տղաների հերոսություններից։ Մտերմացել էինք,- պատմում է Խաչիկցի Արմենը։ -Մի օր էլ, երբ հոսպիտալ էի գնացել, Տիգրանն ասաց.
-Որոշել եմ ամուսնանալ, հարսանիքիս քավորն էլ դու պետք է լինես։
Անկեղծ ասած, ֆինանսական վիճակս այնքան էլ բարվոք չէր, բայց ո՞վ կհրաժարվի նման առաջարկից։
Քարվաճառի ազատագրումից հետո տղաները պարգեւատրվում են 3000-ական ռուբլով։ Այդ օրը դիրքում գտնվող տղաներից մեկը, նկատելով մի եղնիկի, կրակում է ու վրիպում։ Լուրը հասնում է Մոնթեին։ Իր մոտ կանչելով ձախողակ «որսորդին»՝ ասում է.
-Լսած եմ, պետական փամփուշտներով որս ըրած ես, քեզ ո՞վ է իրավունք տվել։
Ճանապարհն աստիճանաբար իջնում է հարթավայր, Բարգուշատի հովիտ։ Աղավնո եւ Որոտան գետերը, լեռներից, կիրճերից շնչահատ դուրս պրծած, հանդարտ հոսում են հարթավայրով։ Նրանց ափերին փռված են բնակավայրեր, որտեղ առաջներում առատությունից ճաք էին տալիս շտեմարանները, շքեղ առանձնատներին զով էին անում դեկորատիվ ծառերը, իսկ տերերը իրենց լողավազաններից հայացքներն ուղղում էին դեպի լեռները. «Բա ամոթ չի՞, մի թիզ հողի համար գլո՞ւխ կջարդեն»։ Ասում էին, որովհետեւ չէին նկատում, որ առատությունից, ցոփությունից ճաք էին տալիս իրենց ամբարներն ու առանձնատները։
Ծառայության մեկնած մտավորականի թոռը արդեն երկրորդ անգամ էր ինքնակամ բացակայում զորամասից։ Հրամանատար գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը սիրում, հարգում էր մտավորականին։ Կարգազանց զինվորին հրամայում է ներկայանալ։ Զրուցելով մոտենում են պատուհանին, որտեղից երեւում է շարահրապարակը։
-Տղա ջան, տեսնո՞ւմ ես հրապարակը։ Մեր պատմության ընթացքում, երբ պետություն չենք ունեցել, երբ զինվոր չենք ունեցել, բանակ չենք ունեցել, ամեն անգամ թշնամին երկիրը ասպատակելուց հետո էսպիսի հրապարակներում հավաքել է մագաղաթյա գրքերը, կրակի տվել, այրել։ Դա էլ չպետք է կրկնվի, որովհետեւ այսօր բանակի ամեն մի զինվոր պետք է գիտակցի, որ ինքն է երկրի պաշտպանը, ապավենը։ Եթե մեկ անգամ էլ կրկնվի, մագաղաթների հետ թշնամին պապիդ գրքերն էլ է այրելու…
Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում երդման արարողություն է։ Բազմամարդ է կրթահամալիրի տարածքը։ Եկել են Հայաստանի տարբեր վայրերից։ Շնորհավորում են մեկմեկու ե՛ւ երդման, ե՛ւ Հայաստանի անկախության տարեդարձի առիթներով։ Տարբեր բարբառների գեղեցիկ խճանկար է։ Տատիկ-պապիկները, ծնողները, հարազատները զրույցի են բռնվում ռազմամարզական վարժարանի ղեկավար Կ. Ղումաշյանի հետ։ Վերջինս գոհունակությամբ է արձանագրում այն փաստը, որ վարժարանի մասին հոգ է տանում անձամբ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը։
…Ժամը 11-ն է։ Հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Ե՛վ հարազատների, ե՛ւ վարժարանի սաների դեմքին հուզմունք կա, հպարտություն։ Յուրաքանչյուրը փորձում է միանման հագնված տղաների մեջ գտնել իր որդուն, թոռանը, հարազատին…