Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#38 (903) 29.09.2011 – 5.10.2011

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ

«Oxford Analytica» միջազգային խորհրդատվական-վերլուծական կենտրոնի փորձագետների կարծիքով, ադրբեջանա-ղարաբաղյան զինված հակամարտության վերսկսումը Արևմուտքի համար կունենա երեք անցանկալի հետևանք.
ա) Կտուժեն Ադրբեջանի խողովակաշարերը, մասնավորապես` «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը, իսկ միջազգային շուկաներում զգալիորեն կաճի նավթի գինը:
բ) Կվտանգվի Ադրբեջանի վրայով անցնող օդային միջանցքը, որով կատարվում է Աֆղանստանում գտնվող ամերիկացի զինծառայողների մատակարարումների ավելի քան 70 տոկոսը:
գ) Ռուսաստանը կարող է միջամտել հակամարտությանը և մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչի արդյունքում Վրաստանը կհայտնվի է՛լ ավելի մեկուսացված վիճակում:

Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական բանակի զինծառայող Մուրադ Դավուդովը մահացել է հակատանկային ականի պայթյունից: Ըստ պաշտոնական վարկածի` նա խախտել է անվտանգության կանոնները (apa.az, 20.09.2011):

Ադրբեջանի Բեյլագանի շրջանի զորամասերից մեկում 18-ամյա Ռասուլ Յուսիֆովը սպանվել է իր իսկ զենքից արձակված փամփուշտից: Ըստ պաշտոնական հաղորդագրության` պատճառը եղել է զենքի հետ անզգույշ վարվելը (apa.az, 22.09.2011)։

Նախիջևանի զորամասերից մեկում զինվոր Սարվան Հուսեյնովը ծառայողական զենքով կրակել է իր դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Բալաբեկ Վեյսալովի վրա: Վերջինս հրազենային ծանր վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ: Կատարվում է հետաքննություն (apa.az, 24.09.2011)

ԱՌԱՋԻՆ «ԳԻՏԱՀՐԱՁԳԱՅԻՆ» ԴԱՍԱԿԸ

Վերջերս գիտության 16 թեկնածուներ 5 օրով կամավոր զինվորական ծառայության անցան ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Նախաձեռնությունը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, «Արմակադ» ցանցի ղեկավար Խաչիկ Գեւորգյանինն էր: «Փետրվար ամսին Արցախում էի, գնացի Քարվաճառ,- ասում է նա:- Անընդհատ մտածում էի` եթե պատերազմ սկսվի, ես էլ գիտության թեկնածու եմ, երբեք զենք չեմ բռնել, ի՞նչ եմ անելու: Որոշեցի, որ պետք է տարրական զինվորական գիտելիքներ ձեռք բերեմ: Նույնն էլ` գիտության թեկնածու ընկերներս»: