Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#46 (911) 24.11.2011 – 30.11.2011

Մարդասպանությունը ծանրագույն ոճրագործություն է։ Ոչ ոք իրավունք չունի սպանել Աստծո պատկերով եւ նմանությամբ արարված մարդուն։ Դժբախտաբար, մարդիկ խախտում են այս պատվիրանը. եւ դա կատարվում է երեք ձեւով՝ մտքով, խոսքով եւ գործով։ Նախ՝ մտքով ենք խախտում, երբ նախանձում, բարկանում, ատում, ոխ ենք պահում. նաեւ՝ երբ համառորեն մեր մեջ չենք ընդունում ճշմարտությունը, ամբողջությամբ չենք զղջում եւ ցավում մեր մեղքերի համար եւ հուսահատված՝ մտադրվում ենք ինքնասպան լինել, որն ավելի ծանր եւ աններելի մեղք է, քան մարդասպանությունը, որովհետեւ նախ՝ մեր կյանքը Աստված է տվել, եւ միայն Նա կարող է վերցնել. «Ես եմ սպանում եւ Ես եմ փրկում» [ԲՕր. ԼԲ39], եւ երկրորդ՝ որեւէ մարդասպան դեռ հնարավորություն ունի ապաշխարելու եւ իր մեղքը քավելու՝ թեկուզ իր արյամբ, սակայն ինքնասպանը չունի այդ հնարավորությունը։ Այս մահացու մեղքի տակ են ընկնում նաեւ նրանք, ովքեր իրենց առողջությունը մսխում են ծուլությամբ, որկրամոլությամբ, արբեցողությամբ կամ թմրադեղերի օգտագործմամբ ու հեշտասիրությամբ, ինչպես նաեւ նրանք, ովքեր չեն պաշտպանվում հիվանդություններից, հիվանդանալիս չեն դիմում բժիշկների կամ էլ բժշկական օգնության համար դիմում են անգետ, չարադավան միջոցներով բուժողների։

Մի մեծահարուստ ուներ մեծ ու ընդարձակ տուն՝ կից մի շինական աղքատի տան։ Մի օր անկողնում պառկած՝ վշտանում էր եւ ննջել չէր կարողանում՝ ինչքեր ձեռք բերելու խորամանկության եւ առավել ագահության համար։ Եվ լսում էր, որ աղքատը, թոնրի մոտ նստած, իր որդիների հետ ուրախանում էր, իսկ գիշերվա մնացած մասն անուշ քնով անցնում, առավոտյան էլ կինը հազիվ էր զարթնեցնում, որպեսզի վեր կենա եւ գործի գնա։ Մեծահարուստը, այս լսելով եւ նախանձելով նրա ուրախությանը, մտածեց նրան իր տրտմությանն ու տառապանքներին հաղորդակից դարձնել։

Նախանձի մեջ այնքան չարություն կա, որ ոչ միայն ուրիշին է վնաս կամենում, այլեւ ինքն իրեն։ Քանզի մի թագավոր խոստանում է մի նախանձոտ մարդու եւ մի ագահ մարդու, թե ինչ խնդրեն իրենից, նրանց կտա, սակայն այն ձեւով, որ ով վերջինը խնդրի, նրան կրկնակի կտա։ Եվ երբ երկուսն էլ հապաղում էին խնդրել, թագավորը հրամայում է, որ նախ նախանձոտը խնդրի։ Եվ վերջինս խնդրեց իր մեկ աչքը հանել, որպեսզի մյուսի երկու աչքը հանեն, որովհետեւ չկամեցավ բարի բան խնդրել, որպեսզի ընկերոջը կրկնակի պարգեւ չտրվի։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԵՐԸ

Սիրիայում հայերը ապրել են դեռևս հնագույն ժամանակներից: 301 թվականին քրիստոնեության ընդունումից հետո տարածաշրջանում հայտնվել են ևս մի քանի հայկական համայնքներ, որոնք ապրում էին սիրիական եւ հույն ուղղափառ քրիստոնյաների հետ համատեղ։ Իրենց հերթին, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները սկսեցին ակտիվ մասնակցություն ունենալ Սիրիայի քրիստոնյաների հոգևոր կյանքում։
Հայերի բազմաթիվ խմբեր գաղթեցին Սիրիա` խուսափելով պարսիկների և օսմանցիների հետապնդումներից։ Մասնավորապես կարևոր դեր խաղացին նրանք Անտիոքում: Շատերը տեղափոխվեցին այնտեղ թուրքերի կողմից հայկական Կիլիկիայի զավթվելուց հետո։

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ Է. ՃՇՏՎՈՒՄ Է ԳԻՆԸ...

Ադրբեջանական մամուլում շատ հաճախ հրապարակվում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները և պաշտոնական Բաքվի կողմից հովանավորվող փորձագետների վերլուծությունները, որով վերջիններս, «մեկնաբանելով» Հայաստանի և Ռուսաստանի միջև օրեցօր ամրապնդվող ռազմավարական հարաբերությունների շրջանակում տեղի ունեցող միջոցառումները և իրադարձությունները, նշում են, որ Հայաստանն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, և Հայաստանում տեղի ունեցող ցանկացած խոշոր իրադարձություն վերահսկում է Կրեմլը, Հայաստանին անվանում են «Ռուսաստանի ֆորպոստ»` միաժամանակ զուգահեռներ անցկացնելով Ադրբեջանի հետ և շեշտելով, որ «Ադրբեջանը, բառի բուն իմաստով, վարում է անկախ քաղաքականություն»:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Հայ զինվորի» 2011թ. թիվ 45-ում տպագրված իր հոդվածում քննարկում է 1920թ. աշնանը թուրք-հայկական պատերազմում հայկական բանակի պարտության պատճառները: Նրա համոզմամբ, հայկական բանակի պարտության հիմնական պատճառը հայ սպաների մեծ մասի օտարամոլությունն էր, քանի որ «Նրանք Հայաստանի Հանրապետությունը համարում էին ժամանակավոր մի երևույթ, որ պիտի վերանար Ռուսաստանի ազդեցությամբ»:

ՎԵՐՋԱՊԵՍ` Ի՞ՆՉ ՈՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Գաղտնիք չէ, որ 1994թ. ի վեր Ադրբեջանը սպառազինվում է մեծ տեմպերով: Փորձենք հասկանալ, թե իրականում ինչքա՞ն գումար է ծախսել մեր թշնամին և ի՞նչ է ձեռք բերել: Մինչև 2004-2005թթ. Ադրբեջանը սպառազինությունների ձեռքբերման համար տարեկան ծախսում էր մինչև 300 մլն դոլար: Հաշվարկը կատարվել է տվյալ թվականների տարեկան ռազմական բյուջեի և զենքերի ձեռքբերման ծավալների զուգորդմամբ: Այսինքն` հրադադարի հաստատումից մինչև նշված ժամանակահատվածը ծախսվել է մոտ 3 մլրդ դոլար: 2005-2006թթ. սկսած` այս ոլորտում ամեն տարի ծախսվում կամ ցուցադրվում է մոտ 1 մլրդ դոլար, թվերը, ի դեպ, գնալով ավելանում են: Այսինքն` նախորդ 3 մլրդ-ին հարկավոր է ավելացնել մոտավորապես 5-7 մլրդ դոլար: