Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#12 (928) 29.03.2012 – 4.04.2012

1968թ. մայիսի 21-ին, ժամը 13-ին, ԱՄՆ-ում ճամփորդող Տ.Տ. Վազգեն 1-ին Վեհափառ Հայրապետը այցելում է Մոնթեբելոյի «ԲԵՎԵՌԼԻ» հիվանդանոցում բուժվող ազգային հերոս Միսաք Թոռլաքյանին։ Այդ նա էր, որ 1921թ. հուլիսի 18-ին, Կ. Պոլսում հրատարակվող «Ճակատամարտ» թերթի խմբագրատան առջեւ գնդակահարեց մուսավաթական Ադրբեջանի ներքին գործերի նախարարին, 1918թ. Բաքվի հայության գլխավոր ջարդարարներից Ջիվանշիրին։

ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Որոշ վերլուծաբաններ հայ-ադրբեջանական սահմանին դիպուկահարների պատերազմի թեժացումը կապում են Իրանի նկատմամբ Արևմուտքի ճնշման հետ. ինչքան լարվում են Արեւմուտք-Իրան հարաբերությունները, այնքան ավելի լկտի ու հանդուգն է պահում իրեն Ադրբեջանը, ինչը դրսևորվում է նաև ադրբեջանական դիպուկահարների ակտիվությամբ:
Ըստ իս` Ադրբեջանի դիպուկահարների ակտիվությունը ուղիղ համեմատական է մեր հասարակության արձագանքին. ինչքան ցավոտ է արձագանքը, այնքան ավելի շատ են մեր կողմ արձակված կրակոցները:

ԱՄՆ-ը համագործակցում է Թուրքիայի հետ իրանական նավթից վերջինիս կախվածությունը նվազեցնելու նպատակով: Եթե Թուրքիան նվազեցնի Իրանից ներմուծվող նավթի քանակը, հնարավոր է, որ նրա վրա չտարածվեն իրանական նավթ ներկրող երկրների նկատմամբ կիրառվող ԱՄՆ-ի պատժամիջոցները: Այսօր Թուրքիան օրական 200 հազար տակառ (բարել) նավթ է գնում Իրանից, ինչը Իրանի արտահանման 7%-ն է:

Մարտի 21-22-ը Թբիլիսիում տեղի է ունեցել «Անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով գիտաժողով, որը կազմակերպել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին կից «Wilton Park» անկախ գործակալությունը: Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Հոֆը, ելույթ է ունեցել նաև Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների պատվիրակությունները նույնպես մասնակցել են գիտաժողովին:

Մարտի 24-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեկնել է Տաջիկստան՝ իր տաջիկ գործընկերոջ հրավերով մասնակցելու Նովրուզին նվիրված միջազգային տոնակատարություններին: Հավանական է, որ այցի ընթացքում քննարկվել է նաև Տաջիկստանին իրանական նավթ վաճառելու հարցը: Իրանից նավթ գնելու՝ Տաջիկստանի պատրաստակամության մասին օրերս հայտարարել էր Իրանում Տաջիկստանի դեսպանը: Իսկ անցյալ տարվա սեպտեմբերին Մ.Ահմադինեժադը հանձնարարել էր մշակել Տաջիկստանին նավթ մատակարարելու ուղիների հարցը:

Մայիսի 1-ից Վրաստանը կդառնա Միջազգային բեռնափոխադրումների միջկառավարական կազմակերպության (OTIF) անդամ: Կազմակերպությունը, որ հիմնվել է 1980թ., ապահովում է միջազգային բեռնափոխադրումների միասնական նորմատիվ համակարգ: Անդամ են Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Բելգիան, Թուրքիան և այլ երկրներ:
OTIF-ին անդամակցելու անհրաժեշտությունը ծագել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը սկսելուց հետո, քանի որ ԲԹԿ-ն Վրաստանի երկաթուղիների ենթակառուցվածքը Թուրքիայի միջոցով կապելու է Արևմտյան Եվրոպային:

Այս տարվա փետրվարին Վրաստանում ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքում պարզվել է, որ Վրաստանի բնակչության 49%-ի կարծիքով Ռուսաստանն իրական և էական սպառնալիք է Վրաստանի համար: Եւս 30%-ի կարծիքով՝ Ռուսաստանի սպառնալիքն իրական է, բայց չափազանցված: Հարցման ենթարկվածների միայն 8%-ն է հայտարարել, որ Վրաստանի համար Ռուսաստանը սպառնալիք չէ, իսկ 12%-ը այդ հարցին չի պատասխանել: