#24 (940) 21.06.2012 – 27.06.2012
Ֆրանսիայի պաշտպանական գնումների գործակալությունը (DGA) մինչև տարեվերջ զորքեր կմատակարարի հետևակի նոր զրահամեքենա, որը հատուկ մշակվել է «ապագայի զինվորի» FELIN հանդերձանք ունեցող զինծառայողի համար: Նոր զրահամեքենաները համալրված են կապի ժամանակակից համակարգերով և այլ սարքավորումներով, հարմարեցված են FELIN հանդերձանքին ներմիացված մարտկոցները լիցքավորելու համար: 25մմ-անոց թնդանոթով զինված ՀՄՄ-ն կարող է տեղավորել տասնմեկ «ապագայի զինվորի»: Նոր զրահամեքենան ցուցադրվել է հունիսի 11-15-ը Փարիզում անցկացվող Eurosatory-2012 ռազմական արտադրանքի ցուցահանդեսում:
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի օգնական, բրիգադի գեներալ Ալի Շամշիրին հայտարարել է, որ Իրանը իր հզորությամբ դարձել է աշխարհում հինգերորդ կամ վեցերորդ տերությունը: Գեներալն ընդգծել է, որ երկրի ղեկավարությունը առաջնորդվում է պաշտպանական բնույթի ռազմաքաղաքական դոկտրինով, և բանակը պաշտպանական բնույթի նորագույն սպառազինությամբ համալրելու հարցում Իրանը գերազանց դիրքերում է:
Թուրքիան մտադիր է ավելի քան 4 միլիարդ դոլար ծախսել գործողության մեծ շառավիղ ունեցող հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու նպատակով: ՀՀՊ համակարգերի գնման մրցույթը Թուրքիան հայտարարել է դեռ 2009թ.: Հաղթողի հիմնական հավակնորդներն են ամերիկյան Raytheon և Lockheed Martin ընկերությունները` PAC-3 Patriot համակարգերով, եվրոպական SAMP/T-ն Aster 30 հրթիռներով, ռուսական C-300-ը և C-400-ը, ինչպես նաև չինական HQ-9` C-300B-ի փոփոխված տարբերակը: