#27 (943) 12.07.2012 – 18.07.2012
Օրերս լրագրերում կարդացի, որ կառավարությունն օրենք է ընդունել զինվորական ծառայության մասին։ Ես ու իմ հասակակիցները առանց խանդավառության կարդացինք մեր պրեզիդենտի այդ հոգատար որոշումը։ Եվ ինչպես կարելի է ուրախանալ, երբ մի քանի շաբաթից հարյուր հազարավոր երիտասարդ քաղաքացիներ դուրս են շպրտվելու իրենց տներից ու բնակեցվելու են վրաններում ու զորանոցներում։ Հանուն ինչի՞։ Այնտեղ ինչ-որ մեկն ուզում է կռվել, իսկ մենք պիտի տառապե՞նք նրա քմահաճույքի պատճառով։ Չգիտեմ՝ ինչ են անելու ուրիշները, բայց ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ կարող բավարարել «սիրելի» կառավարությանս՝ ինձ թնդանոթի մսի կտոր դարձնելու ցանկությունը… Թեկուզեւ այն պատճառով, որ բուսակեր եմ… այսինքն, ներեցեք, ուզում էի ասել՝ պացիֆիստ…
Շարլ դը Գոլը (1890-1970) ծնվել է ֆրանսիացի հայրենասեր կաթոլիկների ընտանիքում: Հայրենիքի հանդեպ անսահման սերը ծնողներից փոխանցվել է նրանց հինգ զավակներին: Ահա թե ինչպես է դը Գոլը իր հուշագրության մեջ ներկայացնում իրենց ընտանիքում տիրող մթնոլորտը. «Հայրս, որ կիրթ և մտածող մարդ էր, համակված էր Ֆրանսիայի հույժ կարևոր առաքելության հավատով: Իսկ հայրենիքի հանդեպ մորս տածած անբեկանելի սիրո զգացումը կարելի էր համեմատել միայն աստվածացման հետ: Իմ երեք եղբայրները, քույրս և ես ինքս հպարտանում էինք մեր հայրենիքով: Այդ հպարտությունը, որին զուգորդվում էր նրա ճակատագրի հանդեպ անհանգստության զգացումը, դարձավ մեր երկրորդ բնավորությունը»:
Վիետնամի պատերազմը ԱՄՆ-ի դեմ սկսվել է 1961թ. և ավարտվել 1975թ. ապրիլի 30-ին: Վիետնամցիներն այն կոչում են Ազատագրական կամ Ամերիկյան պատերազմ, որը ամերիկացիներն իրենց երկրի պատմության ամենամութ էջն են համարում, և որն էլ իր հերթին Վիետնամի պատմության երևի թե ամենահերոսական ու ողբերգական էջն է: Վիետնամական պատերազմը միաժամանակ և քաղաքացիական պատերազմ էր ներսի զանազան քաղաքական ուժերի միջև, ինչպես նաև զինված պայքար ամերիկյան բռնազավթման դեմ:
Շվեյցարիան դադարեցրել է ռազմական մատակարարումները Արաբական Միացյալ Էմիրություններ և հետ է վերցրել նախկինում տրամադրված արտոնագրերը: Շվեյցարական իշխանությունները այս քայլին գնացել են այն բանից հետո, երբ երկրի թերթերից մեկը հրապարակել է սիրիական քաղաքներից մեկում արված մի լուսանկար, որում պարզ երևում է շվայցարական արտադրության նռնակ: Շվեյցարիան 1998թ. այլևս ռազմական արտադրանք չի մատակարարում Սիրիա: Հավանաբար նռնակը ԱՄԷ-ին հատկացված խմբաքանակից է: 2003թ. այդ երկիրը ստացել է ավելի քան 200 հազար նռնակ: Այժմ քննություն է ընթանում, որի ավարտից հետո միայն բոլոր մատակարարումները կվերականգնվեն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է լրավճարներ սահմանել դիպուկահարների պատրաստություն իրականացնող քաղաքացիական մասնագետների համար: Ամենամսյա լրավճարը կկազմի մոտ 40 000 ռուբլի: Գումարը կստանան դիպուկահարների մասնագիտացված դպրոցների և վերապատրաստման դասընթացների մեթոդիստները, դասախոսները, հրահանգիչները, ինչը թույլ կտա զինված ուժերի համար անհրաժեշտ մասնագետներ ապահովել քաղաքացիական և զորացրված զինծառայողների կազմից:
Իսրայելական ընկերություններից մեկը ներկայացրել է ձեռքի նռնակի տեսքով պատրաստված ռադիոխանգարումների գեներատոր, որը նախատեսված է ռադիոպայթուցիչները, այդ թվում՝ ինքնաշեն պայթուցիկ սարքերը փակելու համար: Ուսումնասիրելով մարտական գործողությունների վարման տարբեր դրվագներ` նոր զինամթերքի ստեղծողները պարզել են, որ հաճախ մեծ վտանգ են ներկայացնում չուսումնասիրված շինությունները, կայանված ավտոմեքենաները և այլն, քանի որ դրանցում հաճախ ռումբեր են տեղադրված լինում:
Ամերիկյան Raytheon ընկերությունը ցուցադրել է ավիառումբերի կառավարման Enhanced Paveway II անլար տեխնոլոգիան: Այն թույլ է տալիս սովորական ավիառումբերը դարձնել կառավարելի տեղադրվող անլար ընդունիչի և օդաչուի խցիկում գտնվող հաղորդիչի միջոցով: WiPAK անվանումը ստացած տեխնոլոգիան ունիվերսալ է և կարող է տեղադրվել ցանկացած ինքնաթիռի վրա: