#46 (962) 22.11.2012 – 28.11.2012
2012-13թթ. աշնանային-ձմեռային շրջանում թոքաբորբային և շնչառական սուր վարակիչ հիվանդությունների դիմակայման ու կանխարգելման նպատակներով Ռուսաստանի կենտրոնական զինվորական օկրուգի հրամանատարությունն արգելել է զինծառայողներին շարային երգի կատարումը 5 աստիճան C-ից ցածր սառնամանիքի դեպքում։ Նշենք, որ ռուսական ԶՈՒ-ում առաջ նման քայլի էին դիմում -20 աստիճան սառնամանիքի դեպքում։ Պրոֆիլակտիկ նպատակներով նաև նախատեսվել է սննդային օրաբաժնում ներառել սոխ և սխտոր։
Ներկայումս բժշկությունն այնքան է զարգացել, որ շատ օրգաններ կարողանում է փոխարինել։ Հիմնականում խոսքը վերաբերում է արհեստական մասերին կամ պրոթեզներին։ Ամենաառաջին պրոթեզը հավանաբար կարելի է համարել կտրված մասը լրացնող փայտե ոտքը։ Վերջույթների մեխանիկական ամենահաջող առաջին պրոթեզները ի հայտ են եկել դեռևս 16-րդ դարում ֆրանսիացի վիրաբույժ Ա. Պարեի (1509-1590թթ.) կողմից։ Նա կիրառում էր բռնակներ ու ատամանիվներ, որպեսզի շարժական պրոթեզներ ստանար։
Բոլորին հայտնի է բժշկական տարբերանշանը։ Այս տարբերանշանը հասկանալու համար հիշենք հելլենական դիցաբանությունը։ Հին հույների բժշկության աստվածը Ասկլեպիոսն էր (հռոմեացիները նրան անվանեցին Էսկուլապ)՝ Ապոլոնի որդին։ Նրան դաստիարակել էր իմաստուն կենտավրոս (մարդաձի) Քիրոնը, որը Ասկլեպիոսին սովորեցրեց բույսերի առողջարար հատկությունները։ Ասկլեպիոսի տաճարներում միշտ պահում էին օձեր, որոնք մշտապես նորացման և կենսուժի խորհրդանիշ էին. չէ՞ որ դրանք ամեն տարի փոխում են մաշկը։
Հայերը Հյուսիսային Ամերիկայում հաստատվել են 17-րդ դարի առաջին տասնամյակներում։ Վիրջինիա նահանգի գաղթականության ցուցակում հիշատակվում է (1618) առաջին հայի անունը՝ Ջոն Մարտին (Martin the Armenian)՝ Հովհաննես Մարտիկյան։ Վերջինս զինվորական է եղել։ Կա նաև ենթադրություն, որ նրան Ամերիկա է հրավիրել մի ամերիկացի` ծխախոտագործությունը զարգացնելու նպատակով։