Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#02 (969) 17.01.2013 – 23.01.2013

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ ՆԻՍՏ

Հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստ` Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏՈՒՄ

Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ցանկանում, սակայն բոլորը պետք է վստահ լինեն` մենք արժանապատիվ պատասխան կտանք նետված ցանկացած մարտահրավերի: Այլևս երբեք Արցախի բնակչությունը չի կանգնելու ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև: Հայաստանի Հանրապետությունը դրա երաշխավորն է:
Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախի ժողովուրդը: Դա ամրագրված է միջազգային իրավունքով, միջազգային բազմաթիվ փաստաթղթերով: Ուստի, Ղարաբաղի իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցություններին դառնում է օրվա հրամայական:

Հունվարի 14-ից 18-ը «Բաղրամյան» զորավարժարանում կանցկացվի ՀՀ ԶՈՒ ուսումնական կենտրոնների, հրաձգարանների և ուսումնական օբյեկտների պետերի մասնագիտական հավաք, որի նպատակն է բարձրացնել մասնակիցների տեսական գիտելիքները և կատարելագործել նրանց գործնական հմտությունները:

2013թ. ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության մարզական միջոցառումների պլանի համաձայն՝ հունվարի 23-ին ֆիզիկական պատրաստության պետերի մասնակցությամբ կանցկացվի կենտրոնական մարզական խորհրդի նիստ, որի ժամանակ կամփոփվեն 2012թ. ընթացքում կատարված աշխատանքները, և կտրվեն կազմակերպական ցուցումներ 2013թ. նախատեսվող միջոցառումների վերաբերյալ:

Հունվարի 25-ին ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունում տեղի կունենա հունվար ամսվա ընթացքում վարչությունում կատարված աշխատանքների ամփոփում և փետրվար ամսվա ընթացքում պլանավորված միջոցառումների հստակեցում ու նոր խնդիրների առաջադրում:

2013թ. հունվար ամսվա ընթացքում ԶՈՒ մարտական պատրաստության վարչության ենթակա զորամասերում կանցկացվեն մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ, որոնց ընթացքում մեկ անգամ ևս կամրապնդվի զորամասերի անձնակազմերի ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը զորամասը մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի բերման ժամանակ:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻՎԻԶԻՈՆԸ, ՎԱՇՏԸ

Զինված ուժերում հազվադեպ է լինում, երբ զորատեսակի մեջ որևէ զորամաս չորս անգամ ճանաչվի լավագույնը։ Ուսումնական զորամասերի շարքում այս էլ չորրորդ տարին նման բարձր պատվի է արժանանում գնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասը՝ ընդմիշտ տիրանալով փոխանցիկ պատվո դրոշին։ Հարկ է նշել՝ ինչ գնդապետ Ա. Հարությունյանն ստանձնեց զորամասի հրամանատարությունը, զորամասը կտրուկ բռնեց վերելքի ուղին։ Առհասարակ, երբ առաջին անգամ են ճանաչվում լավագույնը, գրանցված արդյունքը, սովորաբար, վերագրվում է նոր նշանակված հրամանատարի մեկնարկային եռանդին՝ ամեն գնով բանակի ղեկավարության վստահությունը արդարացնելու ցանկությանը։ Իսկ ահա տվյալ զորամասի ձեռքբերումներն ամենևին էլ չի կարելի պատահականություն համարել, քանզի չորս անգամ անընդմեջ լավագույնը ճանաչվելը փաստում է, որ զինվորական այս մեծ ընտանիքում և՛ հրամանատարն է իր տեղում, և՛ տեղակալները, և՛ բոլոր մեծ ու փոքր ստորաբաժանումների հրամանատարները։