Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#10 (977) 14.03.2013 – 20.03.2013

ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ ԹՈՒՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ

Որքան էլ «Ու-2»-ը ԽՍՀՄ տարածքները հետախուզող առաջամարտիկ ինքնաթիռն էր համարվում, այդուհանդերձ, ամերիկացիները դեռ շարունակում էին նման թռիչքներ կատարել ավելի ցածր մարտավարատեխնիկական տվյալներ ունեցող մեքենաներով, որոնք կիրառվում էին մինչև «Ու-2»-ի հայտնվելը:
1960թ. մայիսի 20-ին երկու «ՄիԳ-19» կործանիչներ՝ օդաչուներ կապիտան Լ.Շկարուբա և ավագ լեյտենանտ Մ.Կռիլով, ԳԴՀ օդային տարածքում թռչող ամերիկյան «ՌԲ-47»-ին ստիպեցին հարկադրական վայրէջք կատարել: «ՄիԳ-19» խորհրդային կործանիչը հակառակորդի սահմանախախտ ինքնաթիռների դեմ պայքարում ամենափայլուն միջոցն է, նրանով են խափանվել բազում նմանատիպ դեպքեր:

ՏԱՐԲԵՐ ՍԵՐՆԴԻ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻՆ ԿՍՈՎՈՐԵՑՆԵՆ ՀԱՍԿԱՆԱԼ ՄԻՄՅԱՆՑ

ԱՄՆ ՌՕՈՒ-ը ուսումնասիրում են 4-րդ և 5-րդ սերնդի կործանիչների միջև տեղեկատվության փոխանակման թվային համակարգի ստեղծման հնարավորությունը: Նպատակը տարբեր սերունդների կործանիչների միջև մարտավարական և օպերատիվ իրավիճակի մասին տեղեկություններ փոխանակելն է:

ԱՍՏԵՐՈԻԴ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքի համալսարանի հետազոտողներն առաջարկել են աստերոիդներ ոչնչացնելու «DE-STAR» նոր համակարգ, որը հիմնված է ալեհավաքների փուլային ցանցի նմանությամբ ստեղծված լազերային ցանցի վրա: Համակարգն իր էներգիան ստանալու է Արևից:
Գիտնականները պնդում են, որ նման համակարգը կարելի է գործածել նաև տիեզերական սարքերին արագացում հաղորդելու համար, ինչը հնարավոր կդարձնի միջաստղային ճանապարհորդությունները:

ՖԵՐՄԵՐՆԵՐԸ` ԱԹՍ-ՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՍՊԱՌՈՂՆԵՐ

Ամերիկյան «AUVSI» կազմակերպությունը, որն ուսումնասիրում է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) շուկան և կանխատեսումներ անում առաջիկա տասնամյակի համար, հանգել է պարադոքսային եզրակացության. ԱԹՍ-ների գլխավոր սպառողներն են լինելու ֆերմերային տնտեսությունները: Առաջին ծիծեռնակ կարելի է համարել ԱՄՆ-ի Այդահո նահանգից մի ֆերմերի, որը 2009թ. իր ձեռքով հավաքել է ԱԹՍ և կազմել իր հողատարածքի ու հարակից շրջանների հողի քարտեզը: Փորձագետները համարում են, որ ԱՄՆ-ը հետևելու է Ճապոնիայի օրինակին, որտեղ արդեն այսօր ԱԹՍ-ների միջոցով օդից թունաքիմիկատային մշակման է ենթարկվում բրնձի դաշտերի 30%-ը: