Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#48 (1117) 10.12.2015 – 16.12.2015

ԿԻՍԱՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Կիսաճանապարհին,
Երբ քամին կօրորի մեջքդ,
Ու դու լացակումած կհավատաս,
Թե մեջքդ բարակ է եղեգան պես,
Հիշիր սկիզբը-երբ սկսեցիր ճանապարհդ,
Երբ քեզ ճամփա գցեցին մայրդ, քույրդ, հարեւանդ ու անծանոթը,
Եվ հիշիր, որ նրանք դեռ կանգնած կմնան այնտեղ,
Մինչեւ դու հասնես ուզածդ տեղը
Ու բերես խնձորը անմահական:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շատ շրջանավարտներ, ուսանողներ 1988-1994 թվականներին մասնակցեցին Հայաստանի անկախության համար ծավալված շարժմանը և Արցախյան ազատամարտին: Այսօր համալսարանում սովորող ուսանողների համար հայրենասիրության դասերը միայն պատմական անցքերի, դրանց գեղարվեստական վերարտադրությունների միջոցով չեն կատարվում: Ուսանողներն ամեն պահի տեսնում են համալսարանի բակում Արցախյան ազատամարտի տարիներին զոհված համալսարանականների հիշատակին տեղադրված խաչքարը, ցուցավահանակներին ներկայացվող նրանց նկարները, նրանց մասին տպագրված հոդվածներն ու գրքերը:

Տարիներ առաջ Աշտարակի Ավան գյուղում ծեր սասունցիների հետ զրուցելու, գրառումներ կատարելու համար Մուշեղ Գալշոյանն ինձ առաջարկեց, որ դառնամ ընկերակից,- պատմեց Աֆոն` Արցախյան պատերազմին «Սասունցիներ» ջոկատի հրամանատար, երջանկահիշատակ Ալֆրեդ Ներսիսյանը: Գնացինք Ավան: Հետաքրքիր, անմոռաց օր էր: Էրգրի, ծննդավայրի մասին խոսք բացելուց հետո նրանք ասես վերանում էին իրական կյանքից ու սկսում էին մանրամասնորեն պատմել, վերհիշել: Մուշեղը նույնպես վերացած լսում էր նրանց` աննկատ գրառումներ անելով: Իմ բնավորությունն իմանալով` նախապես ասել էր, որ չմիջամտեմ: Ու երբ որեւէ հարցի շուրջ պատրաստվում էի խոսք ասել` զգում էի Մուշեղի հայացքն ու լռում:

ԳՐՈՂ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆ ՈՒ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ

Հովիկ Վարդումյանը՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված Սարիբեկ Վարդումյանի որդին, որ իր հորը ճանաչում է միայն լուսանկարից, զենքը ցած է դնում միայն 1994 թվականին, երբ կնքվում է զինադադարի համաձայնագիրը: Մարտական ուղին սկսելով Երասխավանից և մասնակցելով Նոյեմբերյանի, Վարդենիսի, Շահումյանի և Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի ինքնապաշտպանական մարտերին՝ իր կռիվն ավարտում է Մարտակերտի շրջանի Կարմիրավանի մատույցներում: Մարտական անբասիր ծառայության համար Հ. Վարդումյանն արժանացել է ՀՀ և ԼՂՀ գերատեսչական մի շարք մեդալների և պատվոգրերի: Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի շուրջ 15 լեզուներով: «Շուշիի ազատագրումը» գիրքը, պատերազմի տեսաբանների վկայությամբ, Արցախյան հերոսամարտի լավագույն վավերագրություններից մեկն է:

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ

Սիրտ առա ու կարդացի բարձրաձայն, և ինչպես ինձ թվաց՝ առոգանությամբ. «Վերջապե՛ս, վերջապե՜ս կարող եմ մահն ընդունել իբրև երկնային պարգև, առանց ափսոսանքի, որ երբևէ այդպես էլ չեմ հանդիպի քեզ՝ շարունակ խնդրելով Բարձրյալից մի վերջին տեսակցում, որ նման կլինի վրիժառության ծեսի… Հիմա արդեն փույթ չէ. արժանի չեղա քո սիրուն, թող որ արժանանամ ատելությանդ, անեծքիդ: Հոժա՜ր եմ… Վերջ այլևս տառապանքին, անորոշությանն ու վախին, որովհետև նորից տեսնում եմ քեզ՝ քո հավատարիմ-հավատավոր աչքերը՝ իմ խորտակված երազների, ձախողման և անպտուղ սիրո առհավատչյան, որոնցում թախիծը զարմանալիորեն չէր պակասել… Չգիտեմ` իմաստ ունի՞ այլևս, բայց, միևնույն է, ուզում եմ խոստովանել, որ մեր բաժանման չարաբաստիկ օրվանից սկսած՝ ես սովորել եմ մարդկանց, աշխարհին, շուրջս նայել ՔՈ աչքերով, որպեսզի չդադարեմ ինքս ինձ հարգել…

ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ ՈՒ... ՀԱԶԱՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Հավաքվել էինք ՀՀ վետերանների միավորման դահլիճում, երբ խորհրդի նախագահի տեղակալ, գնդապետ Միքայել Ստեփանյանը տեղեկացրեց, որ ՌԴ-ն կազմակերպել է միջոցառում Հայրենական պատերազմի մասնակիցների համար։ Նստեցինք մեքենաներն ու ուղեւորվեցինք Հրազդանի կիրճ` 15 աղբյուր հուշարձանների մոտ։ Այնտեղ հավաքվել էին Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի եւ այլ երկրների դեսպանատան աշխատակիցները։ Նրանք ելույթներ ունեցան Հայրենական մեծ պատերազմի տարբեր ռազմաճակատներում մեր բազմազգ ժողովուրդների մղած հերոսական պայքարի մասին։ Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ վետերանների խորհրդի նախագահի տեղակալ, գնդապետ Միքայել Ստեփանյանը, որը խոսեց Մեծ հայրենականի հաղթանակի կերտման գործում հայ ժողովրդի ունեցած հսկայական ավանդի մասին։

ՀՐԱՇՔ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայրենական մեծ պատերազմի տարեգրության հերոսական էջերից է Կովկասի պաշտպանությունը, որի ժամանակ աչքի ընկան նաև հայկական 89-րդ, 408-րդ, 409-րդ դիվիզիաները։ Հայ ժողովրդի համար ճակատագրական այն օրերից մեզ բաժանում է յոթ տասնամյակից էլ ավելի մի ժամանակաշրջան։ Մեծ զոհողությունների գնով էր նվաճվում հաղթանակի ամեն մի օրը: Հայտնի է, թե ինչ դեր ուներ այդ օրհասական օրերին զինվորի մարտական ոգին և անկոտրում կամքը։ Սակայն հայ զինվորին հերոսացման էր մղում ոչ միայն հայրենիքի, ծնողների, հարազատների նկատմամբ տածած սերը, այլև նրան ուղեկցող հայրենաշունչ երգը։ «Կռունկ», «Դլե յաման», «Մարտիկի երգը» և այլ հայրենասիրական երգեր հայ զինվորին տալիս էին ուժ, տոկունություն` նրան մղելով սխրանքի ու անմահության։