2017
Բանակի ծնունդն է՝ 25-ամյակը։ 25 տարեկան էր Արցախան պատերազմում քաջի մահով ընկած ազատամարտիկ Կարեն Ավետիսյանը, որը կրակեց մինչեւ վերջին փամփուշտը, կռվեց մինչեւ սրտի վերջին զարկը, բայց դիրքը չտվեց թշնամուն։ Գուցե հենց այդ պահի՞ն ծնվեց հայոց բանակը, սրտին դիպած թշնամու գնդակով Հայրենիքի պաշտպան օծվեց Երրորդ Հանրապետության առաջին զինվորը։
Հայոց բանակի 25-րդ տարեդարձին ընդառաջ՝ մեր հանրապետության քաղաքների և գյուղերի դպրոցներում տոնական տրամադրություն էր տիրում: Հանդիսություններին մեծ խանդավառությամբ էին մասնակցում աշակերտները և ուսուցիչները: Երեխաներին այդ օրը թույլատրված էր դպրոց ներկայանալ զինվորական համազգեստով, և վաղ առավոտյան փողոցներում դպրոց շտապող բազմաթիվ զինվորիկների կարելի էր տեսնել:
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ… ոգեկոչման, հպարտության, ուժի, հզորության, միասնության, ապահովության և, ի վերջո, համահայկական անվտանգության խորհրդանիշ: Ստեղծվելով պատերազմի դաշտում՝ ժամանակի պահանջով՝ Հայոց բանակը առաջին իսկ օրերի ծանր ռազմական գործողություններում թրծվեց ու առնականացավ, զարգացավ ու հասունացավ, և ամբողջ հայությունը հասկացավ, որ այլևս անհնար է ապրել առանց սեփական ուժի, սեփական զենքի…
Սյունիքի մարզային գրադարանում ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթին ներկա էին նաև զինծառայողները: Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների հիշատակը:
Հայոց բանակի տարեդարձին նվիրված տոնակատարությունները ժողովրդական սիրո ամենամեծ վկայությունն են: Հայկական զինված ուժերի 25-ամյակը մեծ խանդավառությամբ նշվեց ոչ միայն բուհերում ու դպրոցներում, այլեւ՝ նախաուսումնական հաստատություններում:
Հայոց բանակի 25-ամյակի առթիվ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 156 նախակրթական հաստատությունում կազմակերպվեց տոնական միջոցառում, որի ընթացքում մանկապարտեզի սաներն իրենց մանկական պարզ ու անպաճույճ ելույթներով շնորհավորեցին հայրենիքի զինվորներին: Ապա իրենց «հրամանատարների»՝ դաստիարակներ Վարդուհի Հովսեփյանի և Մարիամ Այվազյանի ղեկավարությամբ նամակ գրեցին իրենց համար օրինակ հանդիսացող քաջ մարտիկներին: