2018
Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհի երկայնքով Արցախյան ազատամարտի, քառօրյա պատերազմի եւ Սարդարապատի ճակատամարտի հերոսների նկարներն են: Այստեղ շտապող կարմիր, կապույտ, ծիրանագույն գլխարկներով հազարավոր քաղաքացիները, սփյուռքից ժամանած հայրենակիցները, օտարերկրյա հյուրերը մի պահ կանգ են առնում՝ հիշելու եւ հարգանքի տուրք մատուցելու զոհվածներին, ապա զբաղեցնում են իրենց տեղերը՝ մասնակցելու Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառմանը:
Ուղիղ 100 տարի առաջ` մայիսի վերջին, թուրքական զորքերի դեմ տարած հայ ժողովրդի փառահեղ հաղթանակով կյանքի կոչվեց հայկական անկախ պետականությունը` Հայաստանի Հանրապետությունը: Հայոց պետականությունը ծնվեց ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններում:
Երևանից ոչ հեռու՝ Արմավիրի մարզում վեր է խոյանում մի հոյակերտ հուշակոթող. 1968 թվին է կառուցվել Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը, որի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործները՝ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը, Արա Հարությունյանը:
Սարդարապատի հաղթանակը ձեռք բերվեց հայկական կանոնավոր զորքի և նրա հետ կողք կողքի մարտնչող աշխարհազորայինների հերոսական ջանքերի շնորհիվ:
Այդ հաղթանակը ոգևորեց Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի մատույցներում կռվող մեր մնացած զորքերին և, վերջին հաշվով, նպաստեց հայոց պետականության վերականգնմանը:
Մեր հաղթանակների մայիսը՝ օրինաչափ, ճիշտ ժամանակին, սպասված, որ օղակ¬օղակ հավաքում է մեր մասնատ պատմությունը հաղթանակների ոսկեկուռ թելին՝ Ավարայրից մինչեւ Սարդարապատ, Մեծ հայրենականից մինչեւ Շուշի ու ազատագրված Արցախ։
Օրերս Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության բակում կանգնեցվեց «Հավերժի մարտիկներ» անունը կրող խաչքար՝ նվիրված Արցախյան պատերազմում քաջաբար զոհված Արթուր Ստեփանյանի,Վաղարշակ Բարխյանի, Կարեն Ղուկասյանի և Վարդան Մակինյանի հիշատակին, որոնք ծնվել, հասակ են առել Բյուրեղավանում, կրթություն ստացել նույն գիշերօթիկ դպրոցում: