Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ

Ադրբեջանցի քաղաքագետ, պրոֆեսոր Ֆիքրեթ Սադիխովի կարծիքով, 2011թ. իր երկիրը բախվելու է մի շարք մարտահրավերների` հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր դրական տեղաշարժը (փաստորեն, ադրբեջանցիները թուրքերին, այնուամենայնիվ, չեն վստահում), Հյուսիսային Կովկասում իրավիճակի ապակայունացումը, որը կարող է ազդել նաեւ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի վրա, ամերիկա-իրանական հնարավոր պատերազմը եւ Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքի վրա ազդելու Իրանի փորձերը («1news.az», 29.01.2011):

«ՆԱՐՈՏ-ԿԱՐՈՏ» ՏԵՍԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Նարոտ-կարոտ». այս վերնագիրն է կրում «Սասուն» համույթի ռազմահայրենասիրական երգերի նոր տեսասկավառակը, որի շնորհանդեսը փետրվարի 3-ին տեղի ունեցավ պաշտպանության նախարարությունում` նախարար Սեյրան Օհանյանի անմիջական նախաձեռնությամբ:
Համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հեղինակած սկավառակում տեղ են գտել տասներկու հայրենասիրական երգ եւ մարտական պար: Համույթը ուղեւորվել է Արեւմտյան Հայաստան եւ յուրաքանչյուր գավառին բնորոշ երգ-երաժշտությամբ, պար ու տարազով ամբողջացրել տեսահոլովակների նկարահանումը:
Նման նախաձեռնությունների նշանակությունը հայ զինվորի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում կարեւորեց ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը եւ տեղեկացրեց, որ տեսասկավառակի մեծ քանակություն կառաքվի զորամասեր:

Ռուսական «ՌՍ-20Վ» «Վոյեվոդա» հրթիռը, որը ՆԱՏՕ-ի դասակարգմամբ կոչվում է «Սատանա», ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում մարտական հերթապահություն կիրականացնի մինչեւ 2026 թվականը: Փորձագետների կարծիքով, աշխարհում ամենահզոր այդ հրթիռի շահագործման ժամկետի երկարաձգումը ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման ու կրճատման նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններում Ռուսաստանի խոսքն ավելի «ծանրակշիռ» դարձնելու նպատակ է հետապնդում:

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունում աշխատում են 546 տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, այդ թվում` միջազգայնագետներ, քաղաքագետներ եւ սոցիոլոգներ, ինչպես նաեւ աշխարհի 76 լեզուների տիրապետողներ: Այս թիվը պատկերացում է տալիս Ռուսաստանի քաղաքական շահերի աշխարհագրական ընդգրկման մասին. գործնականում դա ամբողջ աշխարհն է:

Հունվարի 20-ին Հորադիզի մերձակայքում տեղակայված հենակետերից թշնամու ինտենսիվ հրաձգության հետեւանքով զոհվեց ԼՂՀ ՊԲ զինծառայող Հովիկ Սուքիասյանը: Ըստ նախնական տեղեկությունների` ՊԲ պատասխան գործողությունների արդյունքում թշնամու կորուստներն ավելի շատ են:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն իրավացիորեն նկատում է, որ թշնամին սահմանում սրում է իրադրությունը, որպեսզի ազդի միջազգային հանրության վրա` պատերազմի սպառնալիքով ԼՂՀ հարցում իրեն ձեռնտու քաղաքական որոշումներ կորզելու նպատակով: Դա վկայում է, որ «ռազմական շանտաժը միակ ռեսուրսն է, որ մնացել է Ադրբեջանին» («panorama.am», 22.01.2011): Այլ կերպ ասած` դիվանագիտական եւ քարոզչական ոլորտներում Ադրբեջանը պարտություն է կրում:

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐ

1992-ի ապրիլի 26-ին նորաստեղծ ինժեներական ծառայության ղեկավարումը վստահվեց 7-րդ բանակի Երեւանի դիվիզիայի ինժեներական ծառայության նախկին պետ, ռազմաինժեներական ակադեմիայի շրջանավարտ, պահեստի գնդապետ Աշոտ Մարդանյանին: Գնդապետը 91-ի մայիսին ընդգրկվել էր ՀՀ կառավարությանն առընթեր նորաստեղծ պաշտպանության կոմիտեի կազմում, Տավուշում եւ Իջեւանում ինքնաշեն ականների արտադրություն կազմակերպել, իսկ 91-ին, չունենալով նորմալ ականորսիչներ, ականազերծել Իջեւանում հենակետերի վերածված Բարխուդարլու եւ Սայֆալլու գյուղերի տարածքները, որտեղ շուրջ հարյուր պլաստմասայե իրանով ականների գրագետ դասավորությունը հուշում էր դրանց վարձկան սպաների ձեռքով տեղադրված լինելու մասին:

ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՍԿԻԶԲ

Ուսումնական փուլի այս շրջանում ավելի շատ ժամանակ է հատկացվում տեսական պարապմունքներին, որոնք անցկացվում են մասնագիտացված լսարաններում։ Հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասը նախկինում չուներ կեցության, հանգստի եւ ուսման կազմակերպման համար բավարար պայմաններ։ Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ նորակառույց երկհարկանի զորանոցի եւ ճաշարանի բացման եւ շահագործման արարողությունը, որին մասնակցելու էին եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։