Թերթ
-Լուսադեմի հանկարծակի, անսպասելի հարձակումից ադրբեջանաբնակ գյուղը դատարկվեց,- պատմում է Էդիկ Մարտիրոսյանը։ -Բնակչությունը՝ մեծ ու փոքր, բռնեցին սար բարձրացող ճանապարհը, որի մյուս կողմում նույնպես ադրբեջանաբնակ գյուղ կար։ Հրամանատարի կարգադրությամբ՝ դադար առանք գյուղում, որպեսզի խաղաղ բնակչությունը հանգիստ հեռանա։ Պարզ տեսանելի էին սարերի փեշերին իծաշարուկ փախչող գյուղացիները։
Ազատագրական պայքարին իր մասնակցությունը բերած տիկին Անահիտը, վերադառնալով սահմանային գոտում գտնվող իր ծննդավայրից, արցունքն աչքերին պատմում էր իրենց դատարկ տան շեմին աճած փուշ ու տատասկի մասին. «Ես մերկ ձեռքերով պոկում, դեն էի նետում փշերը, մաքրում էի հայրական օջախի շեմը։ Ձեռքերս արյունոտվել էին։
-Դե, խոսի՛ր, ժպտա՛, երգի՛ր, եղբա՛յր ջան, քո անուշ ձայնին մատաղ։ Մեր հանդ ու սարերը պահե՞լ են քո քաղցր ձայնը, մեր ջրերը մինչեւ ե՞րբ են էդպես մորմոքվելու քո երգից։ Ընկերներդ, բարեկամներդ քո երգին են սպասում՝ դու ե՞րբ էիր նրանց այդքան սպասել տվել։ Պատմի՛ր, քո մարտերից պատմիր։ Էն ո՜նց էիր պատմում, էն ո՜նց՝ ծիծաղով, քաղցր խոսք ու զրույցով։ Դու հեչ քաղցած չէի՞ր մնում, դու հեչ ծարավ չէի՞ր մնում, իմ սիրելի եղբայր։
Լեռնաշխարհի գյուղերից մեկում ավարտվել էր հացահատիկի բերքահավաքը։ Տներից մեկում լսվում էր որդեկորույս մոր կոծը.
-Իմ անո՛ւշ բալա, գարնանը ցանեցիր, գնացիր հայրենի սահմանները պաշտպանելու, ինչո՞ւ չեկար, ի՞նչ գնդակ էր, որ քեզ գտավ։ Քո ցանած արտը կանաչեց, տե՛ս, ինչ բերք ենք ստացել։
Ամուսնու զոհվելուց հետո բոլորը զարմացել էին Լալայի հանդարտ պահվածքից։ Ամբողջ օրը լուռ էր, սակայն պատահում էր, որ մեկ էլ ժպիտ էր նկատվում դեմքին, ժպտում ու ընդառաջ էր գնում անտեսանելի մեկին։ Շաբաթը մեկ լվացք էր անում, ձեռքերով ամուր տրորում, քամում էր ամուսնու շորերը, մաքրաջրում, փռում պարանին։ Հետո արդուկում էր տաբատը, վերնաշապիկը, մաքրում կոշիկները, դնում դռան կողքը։ Ամուսինը սիրում էր առավոտյան մի բաժակ թեյ խմել։ 40 առավոտ սեղանին դրված սառը թեյի բաժակը փոխարինում էր նորով։ Հարազատներն սկսել էին կասկածել՝ գուցե Լալան խելագարվել է։
Մայոր Արմեն Սարգսյանը հանրապետության փորձառու զինկոմներից է։ Այդուհանդերձ, Եղեգնաձորի զինվորական կոմիսարի պաշտոնում այս զորակոչը նրա համար առաջինն է։ Մայոր Սարգսյանը վստահ է, որ իրենց զինկոմիսարիատը պատվով կկատարի առաջադրանքը։
Զինկոմիսարիատի հարեւանությամբ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Վազգենը օրհնում է զորակոչվող պատանիներին։
-Աստծո խաչը ձեր գլխին լինի եւ պաշտպանի ձեզ երեւույթ եւ աներեւույթ փորձություններից,- ասում է նա։