Պատմության էջերից
Հայոց աշխարհիկ համայնքը Երուսաղեմում առաջացել է 7-րդ դարում։ Հիմնականում կազմված էր վաճառականներից և արհեստավորներից։ Նրանք բնակվել են Սիոն թաղամասում, Հայկական կոչված փողոցում։ Ի դեպ, Պետրոս Առաջինի ոսկե խաչը հենց Երուսաղեմի հայ ոսկերիչների ձեռքի գործն է։
Եվրոպայի համալսարաններում կրթություն ստացած հայ շատ բժիշկներ ծառայել են օսմանյան բանակում։ Նրանցից շատերը կայսրությանը մատուցած ծառայությունների համար արժանացել են փաշայի եւ բեյի տիտղոսների։ Նրանցից էր Գաբրիել փաշա Սեւանը (1822-1900թթ.), որ օսմանյան ռազմածովային նավատորմի առաջին հայ զինվորական բժիշկն էր։
Ամերիկահայ ախտաբան, բժիշկ Ջեք Գեւորգյանը քարոզում էր էվթանազիա (լավ մահ, հեշտ մահ), այսինքն` անբուժելի հիվանդ մարդուն ցավից ազատելու համար կյանքից զրկել։ Նա ստեղծեց այսպես կոչված «ինքնասպանության մեքենան» (մերսիտրոն), որն անալգետիկների եւ թունավոր դեղահաբերի մահացու չափաբաժին է ներարկում այլ միջոցներով սեփական կյանքին վերջ տալու ոչ ունակ հիվանդներին։ Մերսիտրոնից օգտվել է ավելի քան 130 մարդ։
1241թ. Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսում հիմնադրվել է մի հիվանդանոց, որտեղ առանց ազգային ու դասային խտրականության բուժվում էին բոլորը՝ շինականն ու զորականը, արհեստավորն ու արքունականը։ Հիվանդանոցի հիմնադիրն էր Կիլիկիայի հայոց թագուհի, Լեւոն Բ Մեծագործ արքայի դուստրը՝ Զապելը (1215-1252)։ Նա անձամբ իր զավակների հետ խնամում էր հիվանդներին։ Այս հիվանդանոցը գոյատեւել է 134 տարի, մինչեւ 1375թ. ապրիլի 20-ը, երբ Սիսն ընկնում է, եւ կործանվում է Կիլիկիայի հայկական թագավորությունը։
MI-5-ի (Military Intelligence-Միացյալ Թագավորության անվտանգության ծառայությունը. ռազմական հակահետախուզության 5-րդ վարչություն) հրապարակած փաստաթղթերը խոսում են այն մասին, թե ինչ խորամանկությունների էին դիմում նացիստական գիտնականները` փորձելով խոչընդոտել դաշնակիցների հաջող առաջխաղացմանը: Երբ երևացին պարտության առաջին նախանշանները, իրենց ցնորային գաղափարներին կուրորեն նվիրված նացիստներն սկսեցին հետպատերազմյան խառնաշփոթ ստեղծելու ծրագրեր կազմել. ասենք` թունավոր շոկոլադի և սուրճի տարածում, մանրէաբանական պատերազմ, ընդհատակյա կառույցների ստեղծում, որ Երրորդ ռայխի ավերակների վրա` Չորրորդ ռայխի շինարարությամբ պիտի զբաղվեին, գրում է The Times-ը: Ձերբակալված գերմանացի գործակալները հարցաքննությունների ժամանակ պատմում էին դաշնակից երկրների հայտնի գործիչների նկատմամբ ծրագրված մահափորձերի և ահաբեկչական գործողությունների մասին:
Ինչպես գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը, Ռեգինա Մյուլհոյզերի մասնագիտական գործունեության ոլորտը ռազմական հակամարտությունների ժամանակ տեղի ունեցող սեռական բռնությունների ուսումնասիրությունն է: Նա ուսումնասիրել է զավթված տարածքներում (այդ թվում նաև ԽՍՀՄ) կանանց նկատմամբ վերմախտի զինվորների կատարած բռնության դեպքերը: 2010 թվականին լույս տեսավ նրա` «Զավթումներ. 1941-1945 թթ. Խորհրդային Միությունում գերմանացի զինվորների սեռական բռնություններն ու սեռական կապերը» գիրքը:
Գերմանական Tagesspiegel թերթն անդրադարձել է Ֆիդել Կաստրոյի ռեժիմի տապալման՝ 1961 թվականի Ամերիկայի Միացյալ Նահանգների ձախողված փորձին:
Հոդվածագիր Թոնի Քեփլերը պատմում է, որ 1960-ականների սկզբներին Կուբայի ուղղությամբ սկսեց հեռարձակվել Radio Swan կայանը, որ ֆինանսավորվում էր ամերիկացիների կողմից: Բացի նորություններից և երաժշտական ծրագրերից, այն հաճախ հեռարձակում էր նաև գաղտնագրված հաղորդագրություններ, որ հասցեագրված էին Կուբայի` թշնամաբար տրամադրված ընդդիմությանը: