Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը և ամերիկյան բանակի հրամանատարությունը պայմանագիր են ստորագրել Աֆղանստանին ՄԻ-17 բազմանպատակ ռազմատրանսպորտային ուղղաթիռներ մատակարարելու վերաբերյալ: Գործարքի արժեքը կազմել է 367,5 միլիոն դոլար` 21 ուղղաթիռի դիմաց: Առաջին միավորները Աֆղանստանի ռազմաօդային ուժերին կփոխանցվեն այս տարվա վերջին: Պայմանագիրը նախատեսում է նաև սպասարկման և շահագործման աջակցություն:

Ռուսաստանի զինված ուժերի օդադեսանտային զորքերին տրամադրվել է շարժական առաջին… վանքը: Ռուս ուղղափառ եկեղեցու միջոցներով ստեղծված շարժական վանքը նախատեսված է դաշտային պայմաններում վարժանքների, զորավարժությունների, ինչպես նաև ռազմական հակամարտությունների ժամանակ զինծառայողների կրոնական պահանջները բավարարելու համար: Վանքն ստեղծվել է բեռնատար կցորդի բազայի վրա:

ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալությունը դադարեցրել է EKV հակահրթիռի վերջին տարբերակի արտադրությունը: Այն պետք է դառնա հակահրթիռային պաշտպանության հեռանկարային համակարգի հիմնական բաղադրիչը: Դադարեցնելու պատճառը հրթիռի` նախկինում կատարված արձակումների ժամանակ ի հայտ եկած թերությունների վերացման անհրաժեշտությունն է: Հատկանշական է, որ հրթիռի ավելի հին տարբերակներում անսարքություններ չեն գրանցվել:

Ո՟Վ ԿՍՏԵՂԾԻ ԱՄԵՆԱԼԱՎ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԸ

ԱՄՆ պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական նախագծումների գործակալությունը մրցույթ է հայտարարել` սիրողական փոքր անօդաչու թռչող ապարատի ստեղծման նպատակով: Մրցույթում կթույլատրվի քաղաքացիական ինժեներների, համալսարանների լաբորատորիաների աշխատակիցների, անհատ ավիամոդելավորողների մասնակցությունը: Հաղթողը կստանա 100 հազար դոլար պարգևատրում և նրա հետ կկնքվի անօդաչուների սերիական արտադրության 2 միլիոն դոլարի պայմանագիր:
Մրցույթի պայմանների համաձայն` մասնակիցները պետք է ներկայացնեն օգտագործման ամբողջովին պատրաստ ավիացիոն համակարգ, որը կտեղավորվի զինվորական ուսապարկում:

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՆՁԱՅՆ ՆՌՆԱԿԱՆԵՏՆ ԱՄԵՆԱԼԱՎՆ Է

Ռուսական «Բուրեվեստնիկ» գիտահետազոտական ինստիտուտի զինագործները ռազմական արտադրանքի ցուցահանդեսում ներկայացրել են հատուկ նշանակության ստորաբաժանումների համար նախատեսված նռնականետ: 82 մմ-անոց նռնականետի կրակոցի ժամանակ աղմուկ, կրակի բոց, ծուխ, հարվածային ալիք չի առաջանում: Եւ դա` շնորհիվ այն բանի, որ կրակելիս վառոդային գազերը «փակվում են» մարտագլխիկի հետևի մասում: Կրակելիս միայն թույլ ձայն է լսվում, որը համեմատելի է խլացուցիչով Կալաշնիկովի ինքնաձիգից կրակոցի ձայնի հետ:

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐՈՀ ՊԵՆՏԱԳՈՆԻ ՎՐԱ

Պենտագոնի մատակարար Lockheed Martin ընկերության համակարգչային ցանցը ենթարկվել է հաքերների գրոհի: Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ գրոհը նվազագույն հետևանքներ է ունեցել և տեղեկույթի արտահոսքը հնարավոր է եղել կանխել: Lockheed Martin-ը օդատիեզերական տեխնիկայի` աշխարհում խոշորագույն արտադրողներից է, վաճառքի ծավալով ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր մատակարարը:

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ ՀԱՐԳԻ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԸ

Վենեսուելայի պաշտպանության նախարարությունը կազմավորելու է նոր մոտոհրաձգային բրիգադ, որում կընդգրկվեն ռուսական արտադրության ՀՄՄ-3 և ԲՄՊ-80 զրահափոխադրիչներ: Ֆինանսական ծախսերը ներառվել են 2011թ. բյուջեում: Վերջին տարիներին Վենեսուելան մեծ քանակությամբ ռուսական զենք է գնել, մասնավորապես, Տ-72Մ1Մ տանկեր, զրահամեքենաներ, Սու-30ՄԿ2Բ կործանիչներ, տարբեր մոդիֆիկացիայի ՄԻ ուղղաթիռներ, 1800 հատ «ԻԳԼԱ-Ս» շարժական զենիթահրթիռային համակարգեր, 100 հազար հատ Կալաշնիկով ինքնաձիգներ և այլն, ծրագրվում էր նաև «Սմերչ» և Ս-300 կայանների ձեռքբերում: