Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ԱՄՆ-Ը ԿՈՐՑՆՈՒՄ Է ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Հերբերտ Կարլայլը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ավելի արագ է կորցնում առավելությունը դժվար տեսանելիության տեխնոլոգիաներում, քան ենթադրվում էր: Դա կապված է Ռուսաստանում T-50 և Չինաստանում J-20 հինգերորդ սերնդի ինքնաթիռների նախագծման հետ: Նա միաժամանակ ասել է, որ նշված ինքնաթիռները սպառազինության վերցնելուց հետո էլ իրենք որոշակի առավելություն կունենան F-35-ի շնորհիվ, նաև այն բանի, որ անտեսանելիության տեխնոլոգիաների ստեղծումը բարդ և աշխատատար գործընթաց է, իսկ ամերիկացի զինվորականները երկար տարիների փորձ ունեն և այդ ընթացքում կարող են զարգացման նոր փուլ անցնել:

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ` ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ

Սպիտակ տանը խոստացել են արգելք դնել 2012թ. ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագծի վրա, եթե դրանում կրճատվեն F-35 կործանիչի հիմնական` F-135 շարժիչի արտադրման ծախսերը, նաև այն դեպքում, եթե ներառվի այլընտրանքային F-136 շարժիչի ստեղծման համար պահանջվող գումար: Մինչ այդ Կոնգրեսն առաջարկել էր ուղղումներ մտցնել բյուջեում, որոնց համաձայն` հիմնական շարժիչի ֆինանսավորումը կկրճատվի այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պայմանագիր կկնքի այլընտրանքային շարժիչի ստեղծման համար:

ԻՍՐԱՅԵԼԸ ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը առաջին անգամ ներկայացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մատակարարելու համար նախատեսված Searcher ΙΙ անօդաչու թռչող ապարատի լուսանկարները: Անօդաչուների արտադրությունն ու մատակարարումն իրականացվում է 2010թ. կնքված 400 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակներում: Ապարատները մատակարարվելու են ՌԴ զինվորականների պահանջած սարքավորումներով և ռուսերեն մակնշմամբ: Առաջին միավորներն արդեն հասցվել են պատվիրատուին:

ԹՈՒՐՔԻԱՆ ՍՏԱՑԱՎ ԻՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՎԱՔՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԿՈՐԾԱՆԻՉԸ

Թուրքական Turkish Aerospace Industries ընկերությունը ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ համատեղ Թուրքիայի ռազմաօդային ուժերին է փոխանցել Անկարայի մոտ գտնվող գործարանում հավաքված F-16 Fighting Falcon Block 50 առաջին կործանիչը: Թուրքիան պետք է ստանա 30 այդպիսի կործանիչ: Հաջորդ 29 ինքնաթիռները պատրաստ կլինեն մինչև 2012թ. վերջը:
ԱՄՆ Կոնգրեսը 2006թ. հավանություն էր տվել Թուրքիայում F-16 ինքնաթիռների խմբաքանակի արտադրությանը: Դրանց արդիականացված` Block 50 տարբերակի վերաբերյալ համաձայնություն ձեռք է բերվել 2009թ.: Նոր ինքնաթիռների համար Թուրքիան կվճարի 1,7 միլիարդ դոլար:

Ադրբեջանը հարավաֆրիկյան ընկերության հետ կարտադրի 20, 23 և 30մմ տրամաչափերի հատուկ հրանոթներ` զրահափոխադրիչների համար: Եթե գոյություն ունեցող հրանոթների փողերը բարձրանում են մինչև 45 աստիճանը, ապա նորերը` մինչև 90: Այդպիսով, դրանք կարող են խոցել նաև օդային թիրախներ:

Ադրբեջանի տեխնիկական համալսարանում բացվել է ֆակուլտետ, որը կադրեր է պատրաստելու պաշտպանական արդյունաբերության նախարարության (ՊԱՆ) համար: ՊԱՆ գիտատեխնիկական հետազոտությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռաֆիկ Հուսեյնովի խոսքով, ֆակուլտետում կուսուցանվի 5 մասնագիտություն, յուրաքանչյուրի գծով կբացվի 15 տեղ:

Սևաստոպոլում սկսվել է ՌԴ Սևծովյան նավատորմի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունը, որի ընթացքում նախատեսվում է մշակել փոխգործակցության կարգը խաղաղապահ օպերացիայի ժամանակ միասնական գործողություններ իրականացնելիս: Զորավարժությանը մասնակցում են մարտական 9 նավ, 8 մոտորանավ և օժանդակ նավ, 8 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ, ավելի քան 50 միավոր տեխնիկա և 260 ծովային հետևակ: Մայիսի 26-ին կլինի նաև ցամաքային փուլը, որը ենթադրում է խաղաղապահ դեսանտի իջեցում նախանշված վայրում: