Տարածաշրջան
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հեռավորարևելյան հրամանատարության ենթակայության Չեռնիգովկայի ավիաբազան ԿԱ-52 Ալիգատոր 4 ուղղաթիռ է ստացել: Այժմ «Պրոգրես» գործարանում փորձարկումներ են անցնում ևս մի քանի միավոր «Ալիգատորներ»` նախատեսված նույն ավիաբազայի համար: Հավանաբար մինչև 2012թ. տարեվերջ ավիավազայի ուղղաթիռային ողջ կազմը կփոխարինվի ԿԱ-52-ներով:
ԱՄՆ ատոմային անվտանգության ազգային ծառայությունը ներկայացրել է երկրի ատոմային ներուժի արդիականացման և ատոմային զենքի չտարածման կանոնների պահպանման ռազմավարական ծրագիրը: Ծառայությունը մտադիր է երկարացնել ռազմավարական և մարտավարական ատոմային սպառազինության որոշ տեսակների կիրառման ժամկետը և ռազմածովային ուժերի համար նախատեսված ատոմային կայանների նոր տեսակներ ստեղծել: Մասնավորապես, կարդիականացվեն W78 մարտագլխիկներն ու B61 ռումբերը, կերկարեցվի W76 մարտագլխիկի ծառայության ժամկետը, կմշակվեն ատոմային զենքի «ծերացման» գնահատման մեթոդիկա և մեխանիզմներ:
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է զգալիորեն ավելացնել անօդաչու թռչող ապարատների գնման ծավալները և առաջիկա 3-4 տարիների ընթացքում զորքեր մատակարարել տարբեր տեսակի առնվազն 1500 ապարատ: Ներկայումս Հնդկաստանն ունի իսրայելական արտադրության անօդաչուներ, իսկ երկրի ռազմական հետազոտությունների և նախագծումների կազմակերպությունը միջին բարձրություններում թռիչքի երկար տևողությամբ Rustom-H ապարատի ստեղծման աշխատանքներ է իրականացնում:
Ելույթ ունենալով երկրի համալսարաններից մեկի ուսանողների առջև` ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որը, ի դեպ, հունիսին թողնելու է այդ պաշտոնը, կոչ է արել պահպանելու զինված ուժերի մարտական հզորության բարձր աստիճանը և պաշտպանական բյուջեի կրճատման դեմ է արտահայտվել: Գեյթսը նշել է, որ ցանկացած պատերազմի ավարտին ԱՄՆ իշխանությունները փորձ են արել կրճատելու զինված ուժերը և նվազեցնելու դրանց մարտական հզորությունը` ենթադրելով, որ այլևս կարիք չի լինի կռվել համարժեք ուժ ունեցող օտարերկրյա թշնամու դեմ:
Հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող տիեզերական SBIRS համակարգի ամերիկյան GEO-1 առաջին արբանյակը, որն արձակվել էր այս տարվա մայիսի 7-ին, դուրս է եկել սահմանված ուղեծիր: Ներկայումս այն գտնվում է 35,4 հազար կմ բարձրության վրա: Առաջին տվյալները արբանյակը կսկսի փոխանցել հունիսի սկզբին:
GEO-1-ը նախատեսված է ոչ միայն բալիստիկ հրթիռների արձակումը հայտնաբերելու, այլև ինֆրակարմիր տիրույթում երկրի մակերևույթը դիտարկելու համար:
Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը բացասական կարծիք է արտահայտել «Т-90» տանկի մասին: Նրա խոսքով, այն չի բավարարում զինվորականների այսօրվա պահանջները և ավելի թանկ է, քան արտասահմանյան արտադրության համանման զրահապատ մեքենաները:
Այս տարվա երկրորդ կեսին Չինաստանը տիեզերք է արձակելու ազգային գլոբալ ուղեծրային կայանի առաջին բաղադրիչը` «Tiangong-1» մոդուլը, որը «Shenzhou-8» տիեզերանավի հետ միասին ցատկահարթակ կդառնա ուղեծրային կայանի ստեղծման համար: Կայանը ծրագրվում է ստեղծել 2020թ.: Դրանից հետո Չինաստանը մտադիր է ձեռնամուխ լինել Լուսնի, ապա նաև Մարսի յուրացմանը: