Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Ընթացիկ տարում Ռուսաստանի զինվորականները մոտ 15000 բնակարանային փոխառության նպատակային հավաստագրեր կստանան: Նախորդ տարի այդ թիվը կազմել է մոտ 8000: Զինծառայողների բնակարանային ապահովման հիփոթեքային-կուտակային համակարգի մասին դաշնային օրենքի համաձայն` պետությունը ամեն տարի զինվորականների անվանական կուտակային հաշիվներին գումար է փոխանցում, որը մասնակիցները կարող են տնօրինել համակարգին միանալուց 3 տարի անց միայն:

Շուտով Իրանում կստեղծվի կիբեռշտաբ, որի նպատակը պաշտպանությունն է ինտերնետի միջոցով կատարվող հանցագործություններից և համակարգչային վիրուսներից: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Մասուդ Ջազաերին:

Իրանի պաշտպանության նախարարությունը մտադիր է կառուցել խոշոր հածանավեր և օվկիանոսային նավեր: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ահմադ Վահիդին` Սպահանի պոլիտեխնիկական ինստիտուտ կատարած այցի ընթացքում: Անցյալ տարվա փետրվարին իրանական նավատորմը համալրվեց տեղական արտադրության առաջին «Jamaran» հածանավերով:

Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցը: «Ուրիշ ճանապարհ չկա, եթե մենք ուզում ենք համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,– կարծում է «Ռոսօբօրոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդատու Անատոլի Աքսենևը: Նրա խոսքով, համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախաձեռնությունը թուրքական կողմինն է:

2013 թվականին Թուրքիայի ԶՈՒ կհամալրվեն «T-129 ATAK» 51 ուղղաթիռներով, որոնք կարտադրվեն թուրքական ավիատիեզերական գործարանում: Մայիսի վերջին կսկսվի Թուրքիայում արտադրված փորձնական 3 նմուշների փորձարկումը գետնի վրա, իսկ մեկ-երկու ամսից` օդում: Ուղղաթիռների շարժիչը նախատեսված է բարձրլեռնային և շոգ կլիմայում շահագործվելու համար:

Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը 2 տարի ժամանակ է ստացել` ուսումնասիրելու համար սեփական արտադրության կործանիչ ստեղծելու նպատակահարմարության հարցը: Օտարերկրյա հայտնի ընկերությունները` Boeing-ը, Lockheed Martin-ը, Saab-ը և բրազիլական Embraer-ը թուրքական ընկերությանն արդեն առաջարկել են իրենց աջակցությունը:

«Մեր գերակա խնդիրը հեռահար հրթիռների ներմուծումն է Ադրբեջան»,– օրերս Ստամբուլում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Նրա խոսքով, այս խնդրի շուրջ Ադրբեջանը բանակցում է չինական երկու ընկերությունների հետ: