Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

Օրերս Թուրքիայում տեղի ունեցած` ռազմական արտադրանքի IDEF-2011 ցուցահանդեսի ընթացքում Ադրբեջանը ուկրաինական ընկերության հետ պայմանագիր է ստորագրել հակատանկային կառավարելի հրթիռների համատեղ արտադրության վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:

Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան մայիսի 16-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան և հանդիպել այդ երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վրաց-ադրբեջանական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Մուրադ Բայարն օրերս հայտարարեց, որ իր երկրի հնարավորությունները բավարար են` ավիակիր կառուցելու համար:

2010թ. Թուրքիայի ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի պահանջարկի 52.1% -ը բավարարվել է սեփական ռազմական արտադրանքի հաշվին: Ծրագրվում էր 50%-ի շեմը հաղթահարել 2011թ. կեսին: Փաստորեն, պլանը գերակատարվել է: Անցյալ տարի 5%-ով նվազել է ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտահանման ծավալը` կազմելով 634.2 մլն դոլար: Թուրքիան նպատակ ունի այս տարվա վերջին այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի, իսկ 2016թ.` 2 միլիարդի:

2013-2018թթ. Թուրքիան «Էյրբաս» ընկերությունից ձեռք կբերի A400M տեսակի 10 ռազմատրանսպորտային միջին ինքնաթիռ: Տուրբոպտուտակային 4 շարժիչ ունեցող մեքենան նախատեսված է եղանակային ցանկացած պայմաններում զորքի և բեռների տեղափոխման համար և, մասնագետների կարծիքով, կարող է թռչել ու վայրէջք կատարել չնախապատրաստված թռիչքուղու վրա: Ներկայումս «Էյրբաս» ընկերությունն ունի 200 ինքնաթիռի պատվեր, որոնք նախատեսված են Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ համար:

Ռուսաստանի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոյի կարծիքով, Թուրքիայի ռազմարդյունաբերության զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում նաև ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության համար, «որն ուշադիր հետևում է թուրքական շուկայի զարգացմանը և ակտիվորեն աշխատում այնտեղ»:

Ադրբեջանն ու Թուրքիան մայիսի 11-ին Ստամբուլում 2 պայմանագիր են ստորագրել ռազմական համագործակցության մասին: Առաջին պայմանագրի համաձայն` Ադրբեջանը մասնակցելու է Թուրքիայի գործարաններում MODERN հետևակային հրացանների և 105մմ տրամաչափի հրանոթների արտադրությանը: Երկրորդ պայմանագրի համաձայն` երկու երկրները համատեղ կարտադրեն MKEK 120 մմ-անոց ականանետներ: