Տարածաշրջան
Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի հետ: Հանդիպումից հետո ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես` «Ռոսբալտ» գործակալությունը, հաղորդեցին, որ Չեչնիայի հանրապետության նախագահի` Բաքու կատարած այցի հիմնական նպատակը Աբխազիայի երկաթգծի վերագործարկման արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշումը Ադրբեջանին ներկայացնելն էր: Տեղեկության աղբյուրը քաղաքագետ Ռիզվան Հուսեյնովն է: Ադրբեջանցի քաղաքագետի խոսքով, Կադիրովը Կրեմլից «մեսիջներ» է տարել, որոնք վերաբերում են վրաց-ռուսական հարաբերություններում ի հայտ եկած որոշ տեղաշարժերի:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնը վաղուց արդեն ուսումնասիրում է ոչ միայն իրանական ժողովրդի՝ իրանցիների, աֆղանների, թալիշների, քրդերի ազգագրական, պատմական, լեզվական խնդիրները, այլև կովկասյան և կասպյան ժողովուրդներինը։ Բոստոնում հրատարակվող «Իրան և Կովկաս» միջազգային հանդեսում, որը հրատարակվում է նվաստիս խմբագրությամբ, նշանակալի տեղ է հատկացվում հենց կովկասագիտական հոդվածներին։ Իսկ մեր ամբիոնի ջանքերով մոտ ժամանակներս նախատեսվում է հրատարակել կովկասյան ժողովուրդների առասպելաբանությանը նվիրված մի հանրագիտարան։ Այդ յուրահատուկ և առայժմ իր տեսակի մեջ եզակի աշխատանքին իրենց մասնակցությունն են բերելու նաև Վրաստանի, Դաղստանի, Չեչնիայի, Օսիայի, Ադիգեյի, Կարաչաևո-Չերկեսիայի գիտնականները։ Ինչպես տեսնում եք, Կովկասն այնքան էլ օտար թեմա չէ մեր գիտական պրպտումներում…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2011թ. հոկտեմբերի 3-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված իր «Ինտեգրացման նոր գործընթաց Եվրասիայի համար. ապագա, որ ծնվում է այսօր» հոդվածում առաջ քաշեց Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը: Այդ միության ստեղծման հաջորդական քայլերի շղթան հետևյալն է` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև գործող մաքսային միություն (գործում է 2011թ. հուլիսի 1-ից) – նույն երկրների միջև ստեղծված Տնտեսական միասնական տարածություն (գործում է 2012թ. հունվարի 1-ից) – Եվրասիական միություն: Տնտեսական միասնական տարածությունը ավելի քան 165 մլն սպառող ունեցող վիթխարի շուկա է, որում գործում է միասնական օրենսդրություն, որտեղ կապիտալը, ծառայություններն ու աշխատուժն ազատ են տեղաշարժվում:
Անցյալ շաբաթ տեղեկություն ստացվեց, որ Սիրիայի հակակառավարական ուժերի ցաքուցրիվ խմբավորումները Թուրքիայի և Կատարի եռանդուն ջանքերի արդյունքում որոշել են միավորվել ու ստեղծել միացյալ հրամանատարություն: Միայն այդ դեպքում է, որ ԱՄՆ-ը և Արևմուտքի մյուս երկրները պատրաստ են նրանց տրամադրել հակատանկային և ՀՕՊ միջոցներ, քանի որ վախենում են ահաբեկիչների ձեռքում դրանց հայտնվելուց:
Ռուսաստանի օգտին արդյունաբերական լրտեսության մեղադրանքով ԱՄՆ-ում ձերբակալված 11 անձանց շուրջ սկանդալի արձագանքները դեռ չէին մարել, երբ բռնկվեց նորը, այս անգամ՝ ռուս-թուրքական հարաբերություններում: Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հոկտեմբերի 10-ին Անկարայի օդանավակայանում վայրէջքի են հարկադրել Մոսկվայից Դամասկոս (Սիրիա) թռչող սիրիական քաղաքացիական ինքնաթիռը, քանի որ թուրքական հետախուզությունը տեղեկություն էր ստացել, թե դրանով զենք է տեղափոխվում: Ինքնաթիռը խուզարկելու արդյունքում թուրքերը հայտնաբերել և առգրավել են 12 արկղեր, որոնցում, ըստ ռուսական «Կոմերսանտ» թերթի տվյալների, եղել են ՀՕՊ համակարգերի ռադիոլոկացիոն կայանների համար նախատեսված տեխնիկական սարքեր:
Այսօր ոչ ոք չի զարմանա, եթե ասեմ, որ քրդեր չկան և չեն եղել Ադրբեջանում (Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը քրդերի հաշվառման մասին ոչ մի տվյալ չունի), քանի որ չկան նաև տվյալներ, թե ինչպես է չքացել այդ ազգը։ Ոչ ոք չի զարմանա, եթե իմանա, որ քրդերը Ադրբեջանում նորից հայտնվել են, և նկատվում է նրանց ակնհայտ ակտիվացում։
Թուրքերի պատմության սկիզբը գիտության մեջ թվագրվում է սկսած VI դարի կեսերից։ 552-554թթ. թուրքերը կատաղի մարտեր մղելով չինացիների և տարածաշրջանի այլ ժողովուրդների դեմ, կարողացան նվաճել հյուսիսային Չինաստանը։ Այնուհետև՝ 567-571թթ. ընթացքում նրանք նվաճեցին Կասպից ծովի հյուսիսային ափը, իսկ 558թ., պարտության մատնելով հյուսիսային Կովկասի տեղաբնակ ավարներին, հայտնվեցին Վոլգայի ավազանում։ Նույն թվականին ավարները սասանյան տիրակալ Խոսրով Անուշիրվանի հետ դաշնակցային պայմանագիր կնքեցին։ Այս հանգամանքը թուրքերին անհանգստացրեց և ստիպեց, որ հաշտություն կնքեն Իրանի հետ։