Տարածաշրջան
Վկայակոչելով կոլեկտիվ պայմանագրի 4-րդ կետը, որով նախատեսվում են կազմակերպությունների անդամ պետությունների խորհրդատվական քննարկումներ, եթե պետություններից մեկի պնդմամբ, սպառնալիքի տակ են իր տարածքային անվտանգությունը, քաղաքական ինքնիշխանությունը կամ անվտանգությունը, Թուրքիան պահանջել է ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ գումարել` քննելու հունիսի 22-ին Սիրիայի ՀՕՊ համակարգի կողմից թուրքական հետախուզական «RF-4E» կործանիչի ոչնչացման հարցը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ձևավորել է երկրի նոր կառավարություն: Առանցքային` պաշտպանության, ներքին գործերի ու արտաքին գործերի նախարարները չեն փոխվել: Ռաուդ Ռաջիի` պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելը վերջ է տվել ընդիմադիր գրոհայինների կողմից նրա սպանվելու մասին շրջանառվող լուրերին:
Այն կգումարվի հուլիսի 30-ին, Ժնևում: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ևս ավելի վաղ հայտնել էր, որ կոնֆերանսը կարող է գումարվել Մոսկվայում կամ Ժնևում:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ կոնֆերանսին անպայման պետք է մասնակցեն ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ բոլոր պետությունները, Արաբական պետությունների լիգայի ու Եվրամիության ներկայացուցիչները, ինչպես նաև Իրաքը, Թուրքիան, Հորդանանը, Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Քաթարն ու Իրանը:
Երեկ ապստամբ գրոհայինների դեմ մարտերի ընթացքում Լաթաքիայում զոհվել է 20, իսկ Իդլիբում զինվորական պահակակետի պայթեցման հետևանքով` սիրիական բանակի ևս 5 զինծառայող: Միաժամանակ, կառավարական զորքերը գնդակոծել են Համայի գավառում գտնվող Քերնազ բնակավայրը:
Շաբաթ օրն ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում հավաստվում է, որ Վաշինգտոնն իրականացնելու է Վրաստան կատարած այցի ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից Վրաստանի հակաօդային պաշտպանության համակարգի հզորացման, վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության վերականգնման, ռազմական ուղղաթիռների արդիականացման, երկրի օդային սահմանների ու առափնյա գոտու պահպանությանն աջակցելու, ինչպես նաև սերժանատական կազմի ու բրիգադների շտաբների հմտությունների կատարելագործման վերաբերյալ Թբիլիսիին տրված խոստումները:
Երկրի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Գոլյամ-Ռեզա Ջալիլին հայտարարել է, որ Իրանի գիտնականներն ու ինժեներները ձեռնամուխ են եղել կիբեռնետիկ հարձակումներից պաշտպանվելու նպատակով երկրի համակարգչային պաշտպանության ծրագրի մշակմանը:
Իրանն արդեն իսկ ունի համակարգչային հրամանատարություն, և այժմ մշակվում է նրա հայեցակարգը, որն ունի բացառապես պաշտպանական ուղղվածություն, ինչպես նաև նոր համակարգչային վիրուսներից պաշտպանության եղանակները:
Սիրիայի ընդիմությունը ՄԱԿ անվտանգության խորհրդին կոչ է արել երկիր ուղարկել խաղաղապահ զինված ստորաբաժանումներ և միաժամանակ տարակուսանք է հայտնել գեներալ Ռոբերտ Մուդի ղեկավարած ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի դիտորդական առաքելության դադարեցման համար, «ինչն օգուտ է միայն Ասադի վարչակարգին, իսկ շարքային սիրիացիներին զրկում է ամեն տեսակ աջակցությունից»: Ընդիմադիր Սիրիական ազգային խորհուրդն «անարդար ու անընդունելի» է համարել միջազգային հանրության կողմից «խաղաղ քաղաքացիներին պաշտպանելը դադարեցնելը»: