Տարածաշրջան
Ընդիմադիր ազատ սիրիական բանակի ռազմական խորհրդի ղեկավար, գեներալ Մուստաֆա Ահմեդ աշ-Շեյխը Խուլա քաղաքում մայիսի 25-ին բանակային ստորաբաժանումների իրականացրած զանգվածային սպանություններից հետո, որոնց արդյունքում տանկերի ու հրանոթների հրետանու կրակից, ինչպես նաև դիմահար կրակոցներից զոհվել էր առնվազն 116 մարդ, այդ թվում՝ 34 երեխա, միջազգային հանրությանը կոչ է արել դիմել ռազմական միջամտության և օդային հարվածներ հասցնել կառավարական զորքերին, իսկ բոլոր ընդիմադիր զինված խմբավորումներից պահանջել է համակարգված ու լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հիասթափված է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման ժամկետի երկարացման հարցում Ադրբեջանի ղեկավարության որդեգրած ոչ կառուցողական մոտեցումից:
Դեռ մարտի սկզբին լրատվամիջոցները հայտնեցին, որ, որպես վարձակալության գին, նախկին 7-ի փոխարեն Ադրբեջանը առանց որևէ բացատրության, տարեկան պահանջում է 300 միլիոն ԱՄՆ դոլար, ինչով կարելի է Ռուսաստանում երկու նույնանման կայան կառուցել, առավել ևս որ Գաբալայի ՌԼԿ-ն հիմնովին արդիականացման կարիք ունի, ինչը ևս մեծագումար ծախսեր է պահանջում:
«CNN»-ը հենվելով իր ամերիկյան աղբյուրների վրա, հայտարարել է, թե Միացյալ Նահանգները, պատրաստվելով Բաշար Ասադի վարչակարգի մոտալուտ անկմանը, անհրաժեշտ են համարում իշխանության տապալման դեպքում Սիրիայում քիմիական ու կենսաբանական զենքի պահեստները պահպանելու նպատակով շտապ զորքեր մտցնել այդ երկիր, ինչի վկայությունն է Հորդանանում ամերիկյան «կանաչ բերետների» ներկայությունը:
Չիկագոյում սկսված Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովում կազմակերպության գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի միջամտի Սիրիայում ծավալվող իրադարձություններին, ինչպես արեց Լիբիայի պարագայում, Սակայն Սիրիայի իշխանություններին քննադատել է իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագրով ստանձնած պարտավորությունների չկատարման համար:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ իրենք պատրաստ են աշխարհին ցուցադրել սիրիական ընդիմության շարքերում կռվող և գերի ընկած օտարերկրյա վարձկաններին:
Մի քանի օր առաջ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղած նամակում ներկայացրել էր Սիրիայում գտնվող Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Բելգիայի 26 քաղաքացու անվանացանկ։ Հատուկ ծառայությունները նրանց կասկածում են ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Դամասկոսը հայտարարել է, որ նրանցից 12-ն արդեն վնասազերծվել են:
Ի պատասխան մի քանի օր առաջ ադրբեջանցի սահմանապահների սահմանամերձ Դավիթ Գարեջի վանքի տարածքի մի հատվածի նկատմամբ հաստատած վերահսկողության, ինչը վտանգեց վրաց-ադրբեջանական սահմանագծման հանձնաժողովի հետագա աշխատանքը, Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն պահանջել է շարունակել վանքի հետագա ճակատագրի շուրջ բանակցությունները, թեև խոստովանել է, որ այդ հատվածը խորհրդային տարիներին գտնվում էր Ադրբեջանի կազմում: Ընդ որում, ադրբեջանական նոր սահմանապահ պահակակետն ընդամենը Վրաստանի մայրաքաղաքից 60 կիլոմետր է հեռու և արգելակում է զբոսաշրջիկների մուտքը վանքի տարածք:
Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները պայմանավորվել են նոր պատժամիջոցներ կիրառել Դամասկոսի նկատմամբ։ Մասնավորապես, կսառեցվեն Բաշար Ասադի վարչակարգին ֆինանսական աջակցության ցուցաբերման համար կասկածվող ևս երկու ընկերության և երեք անձանց բանկային հաշիվները: Սա Սիրիայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների թվով 15-րդ փաթեթն է: