Տարածաշրջան
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Իտալիայի արտգործանախարար Ջուլիո Տերցիի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամլո ասուլիսում հայտարարել է, որ «Սիրիայի իշխանություններին միջազգային հանրակցության ուղերձը կարող է հասցվել տարբեր եղանակներով, այդ թվում նաև Սիրիայի ազգային խորհրդի զենքով», և որ Թուրքիան կաջակցի այդ եղանակին:
Ավելի վաղ Քաթարի վարչապետն էր հայտարարել, որ միջազգային հանրակցությունը պետք է ստանձնի սիրիացի ապստամբներին սպառազինության մատակարարման պարտավորությունը:
Վրաստանի արտգործնախարարությունն իր երկրին ուղղված սպառնալիք է համարել գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Շամանովի հայտարարությունը Նովոռոսիյսկում օդադեսանտային զորքերի առաջին ուղղաթիռային գնդի տեղակայման մասին: Գեներալն ուղղաթիռային գնդի տեղակայման վայրի ընտրությունը բացատրել էր Աբխազիայում և Հարավային Օսիայում իրավիճակի հաճախակի սրումներով և Հյուսիսային Կովկասում առկա խնդիրներով:
Ադրբեջանի հյուսիսում՝ Բաքվից 170 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ղուբա քաղաք, որտեղ ցուցարարները հրկիզել են քաղաքային իշխանության ղեկավար Ռաուֆ Հաբիբովի տունը և սպառնում են շուրջ 200 ձերբակալվածներին իսկույն ազատ չարձակելու դեպքում հրդեհել նաև քաղաքի բոլոր պետական հաստատությունների շենքերը, սկզբում ուղարկվել են հարակից շրջանների ոստիկանության ողջ անձնակազմն ու երեքական ջրնետ մեքենա, զրահամեքենաներ և զրահապատ քարշակներ, ապա՝ Ադրբեջանի ներքին զորքերի հատուկ ստորաբաժանումները:
Սիրիացի գրոհայինները հայտարարել են, որ «մարտավարական նկատառումներով» առժամանակ նահանջում են Հոմսի կենտրոնական` Բաբա Ամր թաղամասից: Իրենց քայլը նրանք պատճառաբանել են զինամթերքի, պարենի ու դեղորայքի պակասով, ինչպես նաև քաղաքում իրենց տներից հեռանալ հրաժարվող 4.000 խաղաղ բնակիչների առկայությամբ:
Ֆրանսիայից, Գերմանիայից ու Իտալիայից հետո Շվեյցարիան ևս «անվտանգության նկատառումներով» վերջնականապես փակել է Սիրիայում իր դեսպանատունը: Փետրվարի կեսերին երկրի արտգործանախարարը հույս էր հայտնել, որ Շվեյցարիան դրանով «ուժեղ ազդանշան կուղարկի» Սիրիայի իշխանություններին, իսկ դեռ նոյեմբերին Շվեյցարիայի քաղաքացիներից մի քանի անգամ պահանջել էր իսկույն լքել Սիրիան: Ներկայում դեռ Դամասկոսում ու Հալեպում է գտնվում Շվեյցարիայի մոտ 150 քաղաքացի:
Թուրքական հետախուզությունը բացահայտել եւ ձախողել է «Սիրիական ազատ բանակի» մի քանի հրամանատարների, մասնավորապես բրիգադային գեներալ Մուստաֆա աշ-Շեյխի և գնդապետ Ռիյադ ալ-Ասադի առևանգման ծրագիրը, ժամանակին տեղեկանալով, որ Թուրքիայի Խատայ վարչական կենտրոնում մի քանի անձանց կաշառք է առաջարկվել սիրիացի փախստականների վրանային ճամբարում գտնվող «Սիրիական ազատ բանակի» հրամանատարության մասին տեղեկությունների դիմաց: