Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ՍԻՐԻԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՀՈՄՍԻ ԿԵՆՏՐՈՆԸ

Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ կառավարական ուժերը գրավել են Հոմս քաղաքի կենտրոնական Բաբա Ամր թաղամասը և այն գորհայիններից լրիվ մաքրելն ու դիմադրության մի քանի օջախների լռեցումը «հաշված ժամերի հարց է», իսկ բանակային ստորաբաժանումները հատված առ հատված սանրում են թաղամասը, ստուգում շենքերը, նկուղներն ու թունելները` որոնելով գրոհայինների ու զինամթերքի պահեստները:

ԻՍՐԱՅԵԼՆ ԻՐԱՆԻ ՎՐԱ ԿՀԱՐՁԱԿՎԻ ԱՌԱՆՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ

Հարձակման մասին Վաշինգտոնին վաղօրոք չհայտնելու որոշման մասին Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն արդեն հայտնել են ԱՄՆ վարչակարգին: Միացյալ Նահանգների հետախուզությունը պարզաբանել է, որ դրանով Իսրայելը փորձում է ԱՄՆ-ին զերծ պահել ռմբահարվածների պատասխանատվությունը կիսելուց: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Իրանին հրթիռային հարված հասցնելու վերջնական որոշում Թել Ավիվը դեռևս չի ընդունել:

ԻՐԱՆՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԻՆԱԹԱՓՄԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Իրանի իշխանությունները դատապարտում են միջուկային զենքի արտադրությունն ու պահպանումը, այն համարում «մեծ մեղք» և աշխարհի բոլոր պետություններին կոչ են անում միանալ միջուկային զենքի արգելման պայմանագրին: Այդ մասին Ժնևում անցկացվող Զինաթափման կոնֆերանսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵՑ ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Եվրամիության 27 պետությունների արտգործնախարարները Բրյուսելում հայտարարել են, որ Սիրիայի ազգային խորհրդին ճանաչում են որպես «սիրիացիների լեգիտիմ ներկայացուցիչ, որը ձգտում է ժողովրդավարական խաղաղ բարեփոխումների»:
Հատկանշական է, որ այս ճանաչումը տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ Դամասկոսը հայտարարեց, որ հանրաքվեին մասնակցածների 89,4 տոկոսը կողմ է քվերակել սահմանադրության փոփոխութուններին:

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՍԱՅԵԼԻՑ ԿԳՆԻ 1,6 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ

Երկու պետությունների իշխանությունների ստորագրած գործարքի համաձայն Իսրայելն Ադրբեջանին կմատակարարի անօդաչու թռչող սարքեր, զենիթահրթիռային համալիրներ և հակաօդային պաշտպանության համակարգեր:
Բաքվի ու Թել Ավիվի մերձեցմանը բավական մտահոգությամբ է հետևում Իրանը, որի իշխանություններն այս ամիս Բաքվից պահանջեցին դադարեցնել «Մոսադի» գործունեությունը, պնդելով, թե նրա գործակալներն Ադրբեջանում հատուկ գործողություն են նախապատրաստում Իրանի դեմ:

ԻՐԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԿԱՆԽՈՂ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից Մոհամադ Հեջազին հայտարարել է, որ Իրանը կանխող հարված կհասցնի, երբ զգա, որ որևէ պետության գործողությունների արդյունքում վտանգվում են իր ազգային շահերը, առավել ևս, որ դա նախատեսված է նաև երկրի սահմանադրությամբ:

ԲԱՇԱՐ ԱՍԱԴԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻՆ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն օտարերկրյա պետություններին մեղադրել է երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ և աջակցության համար շնորհակալություն հայտնել Ռուսաստանին: ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովի հետ հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը հայտարարել է, որ որոշ պետություններ աջակցում են զինված ահաբեկչական խմբավորումներին, որպեսզի ապակայունացնեն իրավիճակն ու խոչընդոտեն խնդրի խաղաղ լուծմանը: