Տարածաշրջան
Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ուիլյամ Հեյգն ու Սերգեյ Լավրովը շուրջ 30 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի շուրջ ստեղծված իրադրությունը: Պաշտոնական Լոնդոնը, մեկնաբանելով հեռախոսազրույցը, նշել է, որ կայացել է անկեղծ երկխոսություն, որի ընթացքում ռուսական կողմին է հաղորդվել միջազգային հանրակցության կատարյալ անգործության պայմաններում Սիրիայում հեղվող արյան համար Մեծ Բրիտանիայի խորը մտահոգությունը:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնն ունի հետախուզական ճշգրիտ տեղեկություններ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ և նույնքան ճշգրիտ գնահատական, թե Թեհրանը երբ կավարտի միջուկային ռումբի ստեղծման աշխատանքները: Միաժամանակ նա խոստովանել է, որ չափազանց քիչ են տեղեկությունները Իրանի իշխանության վերնախավում ընթացող անդրկուլիսյան պայքարի և գոյություն ունեցող խմբավորումների մասին, թեև պարզ է, որ նախկինի համեմատ Իրանի իշխանությունն ավելի մասնատված է:
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ պետությունները՝ Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, որոշում են ընդունել Սիրիայից իրենց դեսպաններին ետ կանչելու մասին, իսկ իրենց պետություններում Սիրիայի դեսպաններից պահանջել են անմիջապես լքել երկրի տարածքը:
Ի պատասխան Ռուսաստանի և Չինաստանի՝ Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի արգելափակման, որը սիրիական ընդիմությունը որակեց որպես «սպանությունների կատարման լիցենզիա», հայտարարել է, որ «Թուրքիայի բոլոր դռները բաց են հետապնդումից խուսափող սիրիացիների առջև, և մենք անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նրանց տեղ տալ անգամ մեր տներում»:
Թուրքիան և Քաթարը կոչ են արել արևմտյան պետություններին չհարվածել Իրանին և ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները խնդիրը բանակցությունների ճանապարհով լուծելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութողլուն նշել է, որ Իրանի դեմ ռազմական օպերացիան աղետալի հետևանքներ կունենա: Նրա կարծիքով քաղաքական կամք դրսևորելու դեպքում խնդիրը կլուծվի մի քանի օրվա ընթացքում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Արտաքին հետախուզական ծառայության պետ Միխայիլ Ֆրադկովը վաղը կմեկնեն Դամասկոս` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ քննարկելու երկրում իրավիճակի կայունացման ուղիները:
Փետրվարի 4-ին, Ռուսաստանն ու Չինաստանը կիրառելով վետոյի իրավունքը, արգելափակեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Սիրիայի վերաբերյալ բանաձևի ընդունումը, այն հայտարարելով «վերջնագրային բովանդակությամբ փաստաթուղթ», որում նկատի չեն առնված իրենց դիտողությունները: Բանաձևի նախագծում մասնավորապես պահանջվում է, որ Ասադը հեռանա իշխանությունից:
Իրանի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ երկրի բանակը պատրաստ է աշխարհի ցանկացած կետում պատասխան հարված հասցնել ցանկացած պետության, որի տարածքը կօգտագործվի Իրանին օդային հարված հասցնելու համար: Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է իրենց տարածքում ամերիկյան կամ ՆԱՏՕ-ի ռազմակայաններ ունեցող պետություններին: