Տարածաշրջան
Լիգայում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների ձևաչափով գումարված նիստը քննարկում է Սաուդյան Արաբիայի և ապա Պարսից ծոցի մյուս միապետությունների կողմից իրենց դիտորդներին ետ կանչելու արդյունքում Սիրիայի և այնտեղ Լիգայի դիտորդական առաքելության շուրջ ստեղծված նոր իրավիճակը:
Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները հավանություն են տվել Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հերթական՝ թվով 12-րդ որոշման նախագծին: Նոր փաթեթը նախատեսում է «սահմանափակող միջոցառումների կիրառում» սիրիական ևս ութ ընկերության և 22 բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ: Մասնավորապես, եվրոպական բանկերում նրանց հաշիվների կսառեցվեն, իսկ ֆիզիկական անձանց մուտքը Եվրամիության անդամ պետությունների տարածք կարգելվի:
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ պայմանավորված Սիրիայում իրադրության սրման վերջին ալիքով, չի բացառում նման քայլը և այդ մասին պաշտոնապես նախազգուշացրել է երկրի իշխանություններին: Դամասկոսում տեղի ունեցած վերջին ահաբեկչություններից հետո դեսպանատան անձնակազմը կրճատվեց` հասցվելով նվազագույնի, իսկ Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Ֆորդը, որ դեռևս գտնվում է Դամասկոսում, երկու անգամ դիմեց Սիրիայի իշխանություններին, պահանջելով ուժեղացնել դիվանագիտական ներկայացուցչության պաշտպանությունը և երկու անգամ էլ հայտարարեց, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն անձնակազմի կյանքի անվտանգությունը պաշտպանելու համար:
Թել Ավիվը հայտարարել է, որ մտադիր է Իրանի միջուկային օբյեկտների վրա հանկարծակի հարձակում իրականացնել և այդ մասին Վաշինգտոնին կտեղեկացնի օպերացիան սկսելուց ընդամենը տասներկու ժամ առաջ: Դիտորդները նշում են, որ այդչափ կարճ ժամկետը, որը Միացյալ Նահանգներին ուղղակի թույլ չի տա շրջափակել գործողությունը, վկայում է դաշնակիցների միջև խորացող անվստահության մասին:
Երկրի մայրաքաղաք Մանամիից հյուսիս գտնվող Մուխարրագ քաղաքում խոշոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և բանտում մահացած 24-ամյա քաղբանտարկյալի հուղարկավորության մասնակիցների միջև: Հայտնի է միայն, որ ընդհարումների արդյունքում մի քանի տասնյակ մարդ սպանվել է, իսկ շուրջ հազար ցուցարար, որոնց մեծ մասը շիա դավանանքի հետևորդներ են, այդ թվում և ընդիմության առաջնորդներից մեկը, ձերբակալվել է:
Բենգազիում վերսկսված զանգվածային հուզումների մի քանի հարյուր մասնակից ներխուժել է ազգային անցումային խորհրդի քաղաքային կենտրոնակայան` պահանջելով պաշտոնանկ անել Քադաֆիի վարչակարգի օրոք պետական պաշտոններ զբաղեցրած բոլոր աստիճանավորներին:
Բենգազի է ժամանել Լիբիայի ազգային անցումային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդել Ջալիլը, որ ընդունել է քաղաքապետի հրաժարականը և խոստացել անցկացնել նոր ու ազատ ընտրություններ: Նա միաժամանակ մտավախություն է հայտնել, որ իրավիճակի հետագա շիկացումը «երկիրը կգլորի անհատակ անդունդը»:
Հրապարակվել են խորհրդարանի ներքին պալատի ընտրությությունների պաշտոնական արդյունքները, համաձայն որոնց, «Մուսուլման» եղբայրներ կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող Ազատության և արդարության կուսակցությունը հավաքել է ձայների 47 տոկոսը, իսկ ավելի պահպանողական «Ալ Նուրի» կուսակցությունը (որը ներկայացնում է սալաֆիականներին)` 24 տոկոսը: Այսպիսով, խորհրդարանականների երկու երրորդն իսլամականներ են:
Խորհրդարանն այսօր կգումարի իր առաջին նիստը: