Տարածաշրջան
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյ Կարնին հայտարարել է, որ Իրանն ունի բոլոր հնարավորությունները` վերսկսելու երկխոսությունը Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների հետ, քանի որ վերջիններս միջազգային իրադրության լիցքաթափման նպատակով պատրաստ են այդ քայլին: Կարնին չի հաստատել իրանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նույնաբովանդակ նամակ է ուղարկել Իրանի նախագահին, բայց և չի ժխտել, որ Վաշինգտոնում նման նամակ պատրաստվել է:
Լրագրողների հետ ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովի հանդիպումից մեկ օր անց Իրանի նկատմամբ ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության և դրա անկանխատեսելի հետևանքների մասին է խոսել նաև արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն ու հավելել, որ Մոսկվան ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները դա կանխելու համար:
Լավրովը հստակ հայտարարել է, որ Արևմուտքի նման քայլն ընդամենը յուղ կլցնի շիա-սունիական հակամարտության արդեն իսկ բորբոքվող կրակի վրա, կսկվի շղթայական ռեակցիա, որն անհայտ է, թե երբ կդադարի, և բազմանշանակ ասել, որ ինքը չի պատրաստվում գուշակել, թե Իրանի նկատմամբ երբ ռազմական ուժ կկիրառվի, քանի որ Մոսկվան ամեն ինչ անում է դա թույլ չտալու համար:
ՌԴ փոխարգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Մոսկվան անթույլատրելի է համարում Իրանին օդային հարված հասցնելը, և ամեն ինչ կանի դեպքերի նման զարգացումն արգելելու համար: Նա միաժամանակ հայտարարել է, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները ևս սպառել են իրենց:
Միջազգային բազմաթիվ դիտորդների կարծիքով, Իրանի դեմ ռազմական օպերացիան ամերիկյան և բրիտանական համատեղ զորախմբի ուժերով կարող է սկսվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Եվրամիության Իրանի նկատմամբ ձեռնարկելիք միջոցները կհստակեցվեն հունվարի 23-ին` եվրոպական երկրների արտգործնախարարների ու արտաքին քաղաքականության գծով Եվրամիության կոմիսար Քեթրին Էշթոնի մասնակցությամբ գումարվելիք հանդիպման ընթացքում:
Եվրամիության ներկայացուցիչները չեն բացառում, որ պատժամիջոցների խստացման շրջանակներում արգելք կսահմանվի իրանական նավթի գնման նկատմամբ:
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարել է, որ Լիգան որևէ առաջարկ չի ստացել արաբական զորքեր Սիրիա ուղարկելու մասին, սակայն պատրաստ է քննարկել իրավիճակի լիցքաթափման վերաբերյալ ցանկացած պետության յուրաքանչյուր առաջարկ:
Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման տասնյակ անդամներ գրավել են Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Ռադդա քաղաքը: Նրանք քաղաք են մտել շաբաթ երեկոյան, գրավել հին ամրոցը և մզկիթը` չհանդիպելով տեղի ոստիկանության լուրջ դիմադրությանը:
Այսպիսով, Ալ Քաիդան ուժեղացրել է իր ազդեցությունը երկրում` ավելի մոտենալով մայրաքաղաքին: Մինչ այժմ խմբավորման ազդեցության տակ էր անցել ևս մի քանի բնակավայր: