Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ԻՐԱՆԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ Է ՎԵՐՑՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Իրանի ռազմաօդային ուժերը սպառազինության են վերցրել ազգային մշակման Mersad զենիթահրթիռային համալիրը: Դա տեղի է ունեցել մի շարք հաջող փորձարկումներից հետո: Mersad համալիրների վրա տեղադրված են Shahin հրթիռներ, որոնք ունակ են օդային թիրախներ խոցել մինչև 70-150 կմ հեռավորության վրա:
Համալիրների սերիական արտադրությունն սկսվել է շատ ավելի վաղ` 2010թ.: Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդիի խոսքերով այն առանձնանում է իր մարտական բնութագրերով, նույնիսկ ակտիվ ռադիոէլեկտրոնային ճնշման պայմաններում թիրախները խոցելու կարողությամբ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԵՋ

Բրիտանական The Daily Telegraph թերթը հրապարակել է մի փաստաթուղթ, որը լրատվամիջոցը ներկայացնում է որպես ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գաղտնի հրաման Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվող անձանց դեմ պայքարելու համար հատուկ ջոկատներ ստեղծելու վերաբերյալ:
Փաստաթղթում մասնավորապես խոսվում է ահաբեկչության, նաև ՌԴ քաղաքացիների, պետական կառուցվածքի և կառավարության դեմ առանձնակի ծանր հանցագործությունների կատարման մեջ կասկածվող անձանց նույնականացնելու և Ռուսաստան վերադարձնելու մասին: Հատուկ հրահանգի դեպքում ջոկատների գործակալներին թույլատրվում է ոչնչացնել նշանակետերը այլ պետությունների տարածքում:

ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՏԵՍՉԱԿԱՆ ԹՌԻՉՔ ԿԿԱՏԱՐԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱՅՈՎ

Ռուսաստանյան տեսչական խմբի` հոկտեմբերի 3-ից 7-ը նախատեսված թռիչքը կիրականացվի բաց երկնքի վերաբերյալ միջազգային համաձայնագրի շրջանակներում: Այն կմեկնարկի «Էսկիշեհիր» օդանավակայանից և կձգվի շուրջ մեկ ու կես հազար կիլոմետր:
Ռուս և թուրք մասնագետները համատեղ հսկողություն կիրականացնեն դիտարկման տեխնիկական միջոցների կիրառման` համաձայնագրով սահմանված կարգի պահպանման նկատմամբ:

ՌԴ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Գեներալ-լեյտենանտ Անդրեյ Տրետյակին, ով ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ևս երկու բարձրաստիճան զինվորականների հետ զորացրման զեկուցագիր էր ներկայացրել դեռ հունիսի սկզբին, կփոխարինի Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Զարուդնիցկին:
Երեք երիտասարդ գեներալների հրաժարական դիմումը լայն քննարկման առարկա դարձավ ռուսական մամուլում: Նրանց քայլը բացատրվում էր ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից իրականացվող բարեփոխումների հետ համաձայն չլինելով: Իսկ ՊՆ միմյանց հակասող մեկնաբանությունները, թե զորացրման դիմումները պայմանավորված էին երիտասարդ գեներալների առողջական վիճակով և կամ Մոսկվայից հեռու ծառայելու կարգադրությանը չենթարկվելով, արժանացան մամուլի հեգնանքին:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սեպտեմբերի 28-ին վրաց-աբխազական սահմանին բացվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության 10-րդ սահմանապահ ուղեկալը: Վրաց-աբխազական սահմանի ամրացումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության և Աբխազիայի Հանրապետության միջև «Աբխազիայի Հանրապետության պետական սահմանի պահպանության համատեղ ջանքերի մասին» 2009 թվականի ապրիլի 30-ին կնքված երկկողմ համաձայնագրի շրջանակներում:

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԻՐԱՆԸ ՀԱՄԱՏԵՂ ԿԳՈՐԾԵՆ ՔՐԴԵՐԻ ԴԵՄ

Թուրքիան և Իրանը պայմանավորվել են Հյուսիսային Իրաքում քրդերի զինված խմբավորումների դեմ համատեղ ռազմական լայնամասշտաբ օպերացիա սկսելու մասին:
Անկարան և Թեհրանը ծրագրում են համատեղ հարվածով վերջ տալ Քրդական աշխատավորական կուսակցության և դրա հետ կապված Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցության ռազմական թևերին:
Քրդերի դեմ գործելու սկզբունքային որոշումն ընդունվել է նախորդ շաբաթ Նյու Յորքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի միջև կայացած հանդիպման ժամանակ:

ԻՐԱՆԸ ՀԱԿԱՆԱՎԱՅԻՆ ԹԵՎԱՎՈՐ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍԵԼ

Իրանն սկսել է Ghader ծովային թևավոր հրթիռների մասսայական արտադրությունը: Անտեսանելիությունն ապահովող տեխնոլոգիաներով արտադրվող նոր հրթիռները մշակվել են հատուկ վերջրյա ռազմանավերին, նաև ցամաքային օբյեկտներին հարվածելու նպատակով:
Նմանատիպ նախկին մշակումներից Ghader-ը տարբերվում է գործողության ավելացված շառավղով: Այն թիրախները կարող է խոցել մինչև 200 կմ հեռավորության վրա: Այն նաև նշանակետի ոչնչացման ավելի հզոր ներուժ ունի, ունակ է գերճշգրիտ հարվածներ հասցնել: