Տարածաշրջան
Թուրքիան սպառազինության է վերցրել սեփական արտադրության առաջին ռազմանավը` «Հեյբելիադա» կորվետը: Մինչ այժմ Թուրքիան կառուցել է միայն փոքր պարեկանավեր:
Ռազմանավը կառուցվել է 3 միլիարդ դոլար արժողությամբ MILGEM նախագծի շրջանակներում, որով նախատեսվում է Թուրքիայի ռազմական նավատորմին մատակարարել 8 ռազմանավ: Սեփական կարիքները բավարարելուց հետո Թուրքիան նախատեսում է նաև արտահանել կորվետները:
Ամերիկյան «The Daily Beast» պարբերականին տված հարցազրույցում Վրաստանի նախագահը Մոսկվային ու անձամբ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին վերստին մեղադրել է 2010 թ. ի վեր Վրաստանում 7 պայթյուններ (որոնցից մեկը ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ) կազմակերպելու մեջ և հայտնել, որ ծրագրված ևս հինգ պայթյուն կանխվել է երկրի հատուկ ծառայությունների զգոնության շնորհիվ:
Նա շնորհակալություն է հայտնել Բարաք Օբամայի վարչակարգին և հատկապես Հիլարի Քլինթոնին՝ ՌԴ ղեկավարության նկատմամբ գործադրած ճնշման համար, առանց ինչի անհնար կլիներ դադարեցնել Վրաստանի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելուն միտված պայթյունների շարքը:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանում պաշտպանության և անվտանգության ոլորտում կատարվող ծախսերը կմնան շատ բարձր մակարդակի վրա, իսկ դրա հետ չհամաձայնվող պետական պաշտոնյաները պետք է այլ աշխատանք փնտրեն:
Մեդվեդևը նշել է, որ երկրի պաշտպանունակության ամրապնդման, ռազմական տեխնիկայի ձեռքբերման, զինծառայողների դրամական բավարարման, նրանց կենցաղային, բնակարանային պայմանները բարելավելու համար կատարվող ծախսերը կմնան որպես պետության գործունեության առաջնահերթություն:
Թուրքական Sabah թերթը տպագրել է 174 իսրայելցիների անունները, որոնք կապ են ունեցել 2010թ. Գազայի հատված ուղևորվող Ազատության նավատորմի վրա հարձակման հետ:
Այդ մարդկանց անունները ճշտել է թուրքական հետախուզությունը միջադեպի ժամանակ արված լուսանկարների, տեսաձայնագրությունների, ինչպես նաև Facebook-ում և Twitter-ում ենթադրյալ մասնակիցների նամակագրության վերլուծության միջոցով: Առայժմ չեն ճանաչվել թուրքական կողմի տրամադրության տակ գտնվող լուսանկարներում պատկերված մոտ տասը մարդ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լսել է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» միջպետական հայցի առնչությամբ երկու կողմերի կարծիքները և մոտակա ամիսներին ձեռնամուխ կլինի գործի ըստ էության քննությանը:
Թբիլիսին հույս ունի, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի բռնազավթման վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսի ընդունելիք բանաձևը և Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամկցելու խնդրի շուրջ Ռուսաստանի հետ վարվող բանակցությունները կնպաստեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դրական վճռի կայացմանը:
Առափնյա գծից 200 մղոն շառավղով շրջափակումը, որը պատասխանն է Կիպրոսի կողմից վիճելի պատկանելության նավթագազային հանքավայրի յուրացման աշխատանքների, կիրականացվի մի քանի ռազմանավերի և F-16 ինքնաթիռների միջոցով:
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Կիպրոսի Հանրապետության շրջափակումն ու Միջերկրական ծովում թուրքական ռազմական ներկայության մեծացումն ուղղված են նաև Իսրայելի դեմ, որը, ըստ Անկարայի, «պարբերաբար խախտում է հարևան պետությունների ինքնիշխանությունը»:
Այդ որոշումն ընդունվել է Իսրայելի հետ հարաբերությունների սրման, ինչպես նաև Կիպրոսի Հանրապետության կողմից վիճելի պատկանելության նավթագազային խոշոր հանքավայրի յուրացումը սկսելու արդյունքում թուրք-կիպրական հերթական ճգնաժամի պատճառով:
Թեև նախօրեին երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ռազմանավերը Միջերկրական ծովում այսուհետև կուղեկցեն թուրքական նավերին, սակայն, դատելով հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերից, թուրքական երկրաբանահետախուզական նավը հորատման աշխատանքներ սկսելու համար Իզմիրից Կիպրոսի հյուսիսային ափերի մոտ գտնվող վիճելի հանքավայր է մեկնել առանց ռազմանավի ուղեկցության: