Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ԹՈՒՐՔԻԱՆ ՍԻՐԻԱԿԱՆ ԲԵՌՆԱՆԱՎ Է ԿԱԼԱՆԵԼ

Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է Սիրիային զենքի մատակարարման արգելքի մասին որոշման շրջանակներում և հավելել, որ Թուրքիան կկալանի նաև օդային կամ ցամաքային ճանապարհով Սիրիա տեղափոխվող զենքի խմբաքանակները: Վարչապետը սակայն, չի հստակեցրել, թե որտե՟ղ է կալանվել սիրիական դրոշի ներքո լողացող նավը և արդյո՞ք դրա մեջ զենք է հայտնաբերվել:

ՍԻՐԻԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԶՈՐՔԵՐ ՄՏՑՆԵԼ ԼԻԲԱՆԱՆ

Դեպքերն այդ հունով կընթանան, եթե Սիրիային սահմանամերձ լիբանանյան գյուղերի բնակչությունը չդադարի ապաստան տրամադրել սիրիացի փախստականներին, որոնց թիվը Լիբանանում այսօր հասնում է 3.500-ի: Այդ մասին հայտարարել են Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչները: Ուժեղացնելով սահմանի երկայնքով իրականացվող պարեկությունը, սիրիական զորքերն առանց նախազգուշացման կրակ են բացում փախստականների խմբերի վրա, ավերում նրանց տները, իսկ ունեցվածքը մատնում թալանի:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՐԱՆԻՆ ԿՕԳՆԻ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հաստատել է Բուշերի ատոմակայանի գործարկումից անմիջապես հետո մամուլում շրջանառվող լուրերը Ռուսաստանի օգնությամբ երկրորդ ատոմակայանի կառուցման մասին:
Հայտնելով նոր ատոմակայանի շինարարության վերաբերյալ Մոսկվայի հետ արդեն իսկ ընթացող ակտիվ բանակցությունների մասին, նա հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ռուսաստանից ընդունել ամեն տեսակի օգնություն` Իրանի միջուկային ծրագրի իրականացման գործում, թեև ծրագիրը կարող է կյանքի կոչել նաև սեփական ուժերով:

ԲԱՔՈՒՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ «ԳԱԶՊՐՈՄԻՆ»

Ակնկալվում է, որ հոկտեմբերին Իլհամ Ալիևի` Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում Բաքուն և Անկարան կստորագրեն 2017 թվականից տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ Թուրքիայի տարածքով Եվրոպա արտահանելու մասին համաձայնագիրը: Անդրկասպյան գազամուղից ու «Nabucco»-ից հետո սա երրորդ լուրջ մարտահրավերն է «Գազպրոմին»:
Բաքուն հայտարարել է, որ մանրամասն քննարկում է Եվրոպա սեփական գազի արտահանման բոլոր տարբերակները, իսկ Թուրքիայի հետ տարանցման խնդիրների համաձայնեցումից անմիջապես հետո կարող է տարեկան 2 միլիարդ խմ գազ մատակարարել Եվրոպային:

ԻՍՐԱՅԵԼԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ

Իսրայելի բանակը ուժեղացրել է ռազմական ներկայությունը պաղեստինյան տարածքների սահմաններին, 5 գումարտակ մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերվել: Եւս 13 գումարտակ գտնվում է ռեզերվում:
Իսրայելի բանակը նախապատրաստվում է Պաղեստինի ինքնավարության հետ հնարավոր հակամարտության, քանի որ այսօր ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ պահանջելու է ճանաչել Պաղեստին պետության անկախությունը:

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻԱՆՈՒՄ Է ՍԻՐԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կմիանա Սիրիայի նկատմամբ արևմտյան պետությունների ընդունած պատժամիջոցներին:
Նրա խոսքերով Թուրքիան հարկադրված է այդ քայլին դիմել, քանի որ կորցրել է վստահությունը սիրիական իշխանությունների հանդեպ:
Էրդողանը և Օբաման պայմանավորվել են ուժեղացնել ճնշումը պաշտոնական Դամասկի վրա, ինչպես նաև ուսումնասիրել լրացուցիչ պատժամիջոցների և այլ «միջոցների» ընդունման հնարավորությունը:

ԻՐԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻՆ ՎԵՐՍՏԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ Ս-300 ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ահմադ Վահիդին Մոսկվային վերստին կոչ է արել հարգել ստանձնած պարտավորությունները և Իրանին տրամադրել Ս-300 զենիթահրթիռային համակարգերը, որոնք լուրջ խոչընդոտ կդառնան ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ու Իսրայելի համար` պարտադրելով երկար ժամանակով հետաձգել Իրանի վրա նախատեսված հարձակումը:
Թեհրանի հերթական կոչը հնչեց Ռումինիայում ԵվրոՀՀՊ համակարգերի տեղակայման ու Անդրկասպյան գազամուղի կառուցման վերաբերյալ Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ Եվրոպական Միության անջատ բանակցությունների պատճառով Մոսկվայի ու Արևմուտքի հարաբերությունների հերթական սրման ժամանակ: