Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ԻՍՐԱՅԵԼԸ «ԲԱՐԲԱՐՈՍԱՅԻՆ» ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՀԱՅԵՐԻՆ ԵՎ ՔՐԴԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՎ

Իսրայելը Թուրքիայի նկատմամբ պատասխան քայլերի ծրագիր է մշակել վերջինիս կողմից դիվանագիտական «հարձակմանն» ի պատասխան: Մասնավորապես, Իսրայելը պատրաստ է Թուրքիայի ոչ բարեկամական քաղաքականությանն արձագանքել քրդերին և հայերին օգնություն տրամադրելով:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՎԵԼ Է ,ԲԱՐԲԱՐՈՍՍԱե ԾՐԱԳԻՐԸ

Թուրքիայի զինվորական հրամանատարությունը ռազմածովային նոր ռազմավարություն է մշակել, որն անվանվել է «Օպերացիա Բարբարոսսա-Էգեյան վահան»:
Նոր ռազմավարության շրջանակներում թուրքական ռազմական նավատորմն իր ուժերի մի մասը Սև և Մարմարի ծովերից կտեղափոխի Միջերկրական ծով: Մասնավորապես, խոշոր ուժեր կտեղակայվեն Կիպրոսի և Իսրայելի ափերի մոտ: Այնտեղ լրացուցիչ կուղարկվեն երկու ֆրեգատ, երկու կորվետ, մի քանի պահականավեր և հրթիռանավեր, ինչպես ապահովման և մատակարարման նավեր:

ԻՐԱՆԻ ՕԴՈՒԺԸ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

Իրանի ռազմաօդային ուժերը հարձակողական բնույթի 10-օրյա զորավարժություններ են անցկացնում, որոնց ընթացքում նախատեսվում է օդային մենամարտերի տարատեսակ սցենարներ մշակել: Զորավարժությունների ղեկավարն է բրիգադի գեներալ Մոհամեդ Ալավին: Նա նշել է, որ ստեղծվել է իրական մարտ վարելու համար համապատասխան պայմաններ:
Մարտական թռիչքների ամենաակտիվ փուլը կկայանա սեպտեմբերի 13-ին: Су-24, МиГ-29, F-4, F-5, ինչպես նաև C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռները կցուցադրեն Իրանի ռազմաօդային ուժերի մարտունակությունը և երկրի օդային տարածքը պաշտպանելու կարողությունը:

ԻՐԱՆԸ ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԴԱՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ

Իրանի պաշտպանության նախարարը նշելով, որ հրթիռային հարձակման վտանգի վաղ ազդարարման ռադարը տեղադրվում է Իրանին զսպելու համար, Արևմուտքին հիշեցրել է, որ Թեհրանը թույլ չի տա Իրանի ազգային շահերը ոտնահարող որևէ ագրեսիվ քայլ, իսկ տարածաշրջանում Արևմուտքի և ԱՄՆ ներկայությունը համարել է «անհանգստություն առաջացնող և իսլամական երկրներին վնասող գործոն»:
Նախօրեին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունից ՌԴ շահերի չոտնահարման հստակ երաշխիքներ էր պահանջել նաև Մոսկվան:

ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՏՈՏԱԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

Այդ մասին հայտարարել է զինված ուժերի թիկունքի զորքերի հրամանատար, գեներալ Էյալ Այզենբերգը` նշելով, որ այդ մռայլ սցենարի իրականացմանը մեծապես նպաստում է նաև թուրք-իսրայելական հարաբերությունների սրումը:
Գեներալը նաև չի բացառել մարտական գործողությունների ընթացքում զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հնարավորությունը և մտահոգություն հայտնել քաղաքացիական բնակչության պաշտպանության ասպարեզում Իսրայելի պատրաստվածության ցածր մակարդակի առնչությամբ:

ՎՐԱՍՏԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հերքել է Wikileaks-ի հրապարակած այն տեղեկությունը, որ Վրաստանը Ռուսաստանին թույլ է տվել իր օդային տարածքով ռազմական նշանակության բեռներ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն և հայտարարել է, որ Ռուսաստանը նման խնդրանքով վերջին անգամ պաշտոնական Թբիլիսիին դիմել է 2008 թվականի օգոստոսին և մերժում ստացել:

ԱՄՆ-Ը ՌԱԴԻՈՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՆ ԿՏԵՂԱԴՐԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ` ԸՆԴԴԵՄ ԻՐԱՆԻ

ԱՄՆ-ը և Թուրքիան պայմանավորվել են վերջինիս տարածքում ռադիոտեղորոշման համալիր տեղադրելու մասին: Նոր համալիրը կընդգրկվի ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգում և կօգտագործվի Իրանի տարածքից հեռահար հրթիռների արձակման մասին վաղ ազդարարման նպատակով:
Նոր ռադարը տվյալներ կփոխանցի հակահրթիռային պաշտպանության Aegis համակարգով համալրված ամերիկյան հածանավերին, որոնց խնդիրն է բալիստիկ հրթիռների ոչնչացումը: