Տարածաշրջան
Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին` միաժամանակ դադարեցնելով ռազմական երկկողմ բոլոր համաձայնագրերի կատարումը:
Որոշման պատճառ է դարձել 2010թ. մայիսին Գազայի հատված ուղևորվող «ազատության նավատորմիղի» հետ կապված միջադեպը, երբ իսրայելցի զինվորականները սպանեցին Թուրքիայի 9 քաղաքացու: Իսրայելը հրաժարվել է ընդունել իր մեղքը և ներողություն խնդրել, ինչպես դա պահանջում էին թուրքական իշխանությունները:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Տաջիկստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարով երկարացնելու մասին: Համապատասխան պայմանագիրը կստորագրվի 2012թ.:
Տաջիկստանում ռուսական ռազմաբազան ստեղծվել է 2005թ.` 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա, որն այնտեղ էր գտնվում փոխօգնության պայմանագրով: Համաձայնագրի ժամկետների երկարաձգմանն ի պատասխան` Ռուսաստանը Տաջիկստանին կհատկացնի ժամանակակից ռազմական տեխնիկա և կուսուցանի տեղի զինվորական անձնակազմին:
Հյուսիսատլանտյան դաշինքի հրամանատարության ներկայացուցիչներն իրենց անունը չհրապարակելու պայմանով հաստատել են այս մասին լրագրողների ունեցած տեղեկությունները, միաժամանակ հավելելով, որ այդ զորամասերը գործելու են ինքնուրույն և ճիշտ չէ նրանց «ՆԱՏՕ-ի ուժեր» անվանելը:
Դրանով իսկ նրանք հաստատել են Դաշինքում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինի կողմից ավելի վաղ արված այն պնդումը, թե Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, խախտելով ՄԱԿ անվտանգության խորհրդի թիվ 1973 բանաձևը, Լիբիայում տեղակայում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ:
Իրանը նախատեսում է մեկ սուզանավ և մեկ ռազմանավ ուղարկել Կարմիր ծով և Ադենի ծոց: Իրանի ռազմական նավատորմի ծովակալ Հաբիբուլլի Սայարին նշել է, որ բաց ծովում նավերի պարեկությունը կցուցադրի Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային հզորությունը:
Այս տարվա փետրվարին Իրանը Սուեզի ջրանցքով ռազմանավեր էր ուղարկել Միջերկրական ծով` Սիրիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու համար: Դա վրդովմունքի ալիք էր բարձրացրել Իսրայելում, որտեղ նման տեղաշարժերը ընկալվել են որպես սադրիչ գործողություններ:
Լիբիայի անցումային ազգային խորհուրդը հայտարարել է, որ Մուամար Քադաֆիի վարչակարգի կողմնակից լինելու կասկածանքով ձերբակալված օտարերկրացիների թվում կան Խորվաթիայի 17 քաղաքացիներ:
Անցումային իշխանությունը հավաստիացրել է, որ բոլոր ձերբակալվածների նկատմամբ լավ են վերաբերվում և անմեղ անձինք հետաքննության ավարտից անմիջապես հետո ազատ կարձակվեն, իսկ Լիբիայի ժողովրդի դեմ հանցանք գործածները պատասխան կտան օրենքի առջև:
Այս մասին Տրիպոլիում հայտարարել է Լիբիայի ազգային անցումային կառավարության ներքին գործերի նախարար Ահմադ Դարրատը` անդրադառնալով քաղաքացիական անձանց մոտ զինապահեստներից գրավված մեծաքանակ զենքի առկայության խնդրին:
Երկրի գրեթե բոլոր քաղաքներում ապստամբները մութն ընկնելուն պես սկսում են օդ արձակվող կրակահերթերով նշել իրենց հաղթանակը, ինչից հետո շատ հաճախ առանց այն էլ լեփ-լեցուն հիվանդանոցներ են բերվում նոր վիրավորներ:
Իրանի Իսլամական Հանրապետությունը համարվում է աշխարհի «ամենափակ», միևնույն ժամանակ` Մերձավոր և Միջին Արևելքի ամենահզոր երկրներից մեկը: Փորձագետների համար միշտ էլ դժվար է եղել գնահատել Իրանի ռազմական ներուժը. տեղեկությունները կցկտուր են, ոչ հստակ: Բայցեւայնպես, որոշակի ընդհանրացումը թույլ է տալիս պնդել, որ Իրանի հզորությունը բազմաշերտ է: Երկիրն ունի մեծ տարածք, օգտակար հանածոներով հարուստ ընդերք, արագ աճող բնակչություն, հարուստ և փայլուն պատմական անցյալ` իր զարգացած ազգային մշակութային հիմքով: