Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ՊԱԿԻՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻՆ

«Եթե Իրանը ատոմային զենք արտադրի, Սաուդյան Արաբիան նույնպես քայլեր կձեռնարկի ատոմայն զենք ձեռք բերելու ուղղությամբ»,- հայտարարել է Սաուդյան Արաբիայի արքայազն Թուրքի ալ Ֆեյսալը:
Նախկինում արևմտյան մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ արաբական այդ երկիրը ատոմային սպառազինություն գնելու հնարավորության վերաբերյալ գաղտնի բանակցություն է վարել Պակիստանի հետ, և վերջինս համաձայնել է մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրվելու պարագայում նման զենք մատակարարել:

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ` ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացել է Ռոբերտ Գեյթսը, որը ղեկավարում էր պաշտպանական գերատեսչությունը 2006թ.-ից: Հրաժեշտի արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թոշակի անցնող Գեյթսին հանձնել է Ազատության նախագահական մեդալ` Ամերիկայի` քաղաքացիական անձանց համար նախատեսված բարձրագույն պարգևը:
Պաշտպանության նոր նախարար է նշանակվել Լեոն Պանետտան` կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավարը:

«ԲՈՒԼԱՎԱՆ» ՊԱՏՐԱՍՏ Է ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության գնահատմամբ, ծովային տեղակայման «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը պատրաստ է սերիական արտադրության: Նման կարծիք հնչել է «Յուրի Դոլգորուկի» ատոմային սուզանավից օրերս կատարված հաջող փորձարկումից հետո:
Մինչ այժմ կատարվել է հրթիռի 15 փորձարկում, որից 8-ը` հաջողված: Մինչև տարեվերջ նախատեսվում է ևս 4 փորձարկում անցկացնել, որոնց լիակատար հաջողվածության դեպքում հրթիռը սպառազինության կվերցվի 2011թ.:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը մեղադրել է Ուկրաինային ` «Զուբր» նախագծի փոքր դեսանտային նավեր Չինաստանին մատակարարելու գործարք կնքելիս Ռուսաստանի մտավոր սեփականության իրավունքները խախտելու մեջ:
Արդեն կնքված պայմանագրի համաձայն` նավերից բացի, չինական կողմին կհանձնվի տեխնիկական թղթաբանությունը, ինչը թույլ կտա Չինաստանում նավի կրկնօրինակների արտադրություն կազմակերպել:

Սանկտ-Պետերբուրգում անցկացվող միջազգային ռազմածովային ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է մի քանի միլիարդ դոլարի պայմանագիր կնքել:

Ցուցահանդեսին իրենց նորագույն մշակումներն են ներկայացրել ավելի քան 400 ընկերություններ 30 երկրներից: Այցելուների թվում են 80 պատվիրակություններ 69 երկրներից, ինչը, կարելի է ասել, ռեկորդային ցուցանիշ է նման միջոցառումների համար:

ՊԱԿԻՍՏԱՆԸ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ «ՎՌՆԴՈՒՄ Է» ԱՎԻԱԲԱԶԱՅԻՑ

Պակիստանի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ից պահանջել է ազատել երկրի հարավում գտնվող ավիաբազան, որտեղից Ալ-Քաիդայի և Թալիբանի զինյալներին հարվածներ հասցնելու նպատակով օդ են բարձրանում ամերիկյան անօդաչու ապարատները:
Անօդաչու ապարատների կիրառման շնորհիվ Պակիստանում և Աֆղանստանում ոչնչացվել է ավելի քան 1400 զինյալ, այդ թվում բարձրաստիճան գրոհայիններ: Օսամա Բեն Լադենի ոչնչացումից հետո սա պակիստանա-ամերիկյան հարաբերություններում հերթական «տհաճ» միջադեպն է:

ԻՐԱՆԸ ՀՐԹԻՌՆԵՐԸ ՊԱՀՈՒՄ Է ԳԵՏՆԻ ՏԱԿ

Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է ստորգետնյա հրթիռային կայաններ` մարտական հերթապահություն կատարող հեռահար հրթիռներով: Ինչպես նշել են իրանցի սպաները, դրանք հավանական հարձակման դեմ արագ արձագանքման համակարգի մաս են կազմում և պատրաստ են ցանկացած պահի հարված հասցնելու նախապես որոշված թիրախներին:
Կայանները կառուցել են տեղացի մասնագետները` կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ, որոնք զգալիորեն ավելացնում են Իրանի դեմ հանկարծակի հարձակման դեպքում հրթիռների պահպանման հավանականությունը: