Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

«ԲՈՒԼԱՎԱՅԻ» ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ ԵՆ

Հունիսի 28-ին կվերսկսվեն ռուսական «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումները: Այս տարվա առաջին արձակումը կիրականացվի «Յուրի Դոլգոռուկի» ատոմային սուզանավից:
Հրթիռի վերջին փորձարկումը կատարվել է 2010թ. հոկտեմբերին: Ընդհանուր առմամբ իրականացվել է «Բուլավայի» 14 փորձարկում, որից միայն 7-ն է հաջողված համարվել: Մինչև տարեվերջ նախատեսվում է հրթիռի 5 արձակում կատարել, դրանց հաջողված լինելու դեպքում «Բուլավան» սպառազինության կվերցվի և կընդգրկվի «Բորեյ» դասի հրթիռակիրների հիմնական զինանոցում:

ԹԱՅՎԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ԳՆԵԼ

ԱՄՆ պետդեպարտամենտը արգելափակել է F-16 կործանիչներ գնելու վերաբերյալ Թայվանի պաշտպանության նախարարության առաջարկը: Վերջին շրջանում Թայվանը պարբերաբար փորձում է ամերիկյան ինքնաթիռներ գնել, սակայն մշտապես մերժում է ստանում:
ԱՄՆ-ը խուսափում է գործարքից` Թայվանի անկախությունը չճանաչող Չինաստանի հետ հարաբերությունները չվատացնելու համար: 2010թ. ԱՄՆ-ը շուրջ 6,5 միլիարդ դոլարի սպառազինություն վաճառեց թայվանցիներին, բացի ինքնաթիռներից, ինչից հետո Չինաստանը դադարեցրեց համագործակցությունը Վաշինգտոնի հետ, և միայն վերջերս երկու երկրների շփումներում որոշակի առաջխաղացում է նկատվում:

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ` ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

ՌԴ կառավարության որոշմամբ «Ռոսկոսմոս» գործակալության ղեկավարի տեղակալ Անատոլի Շիլովին նկատողություն է հայտարարվել` տիեզերական մի քանի ապարատներ ստեղծելիս թույլ տված սխալների համար. վերջերս խափանվել են «Կոնդոր», «Մերիդիան», «ԳԵՕ-ԻԿ» արբանյակների արձակումները:
Վերջին երկուսը ռազմական նշանակության արբանյակներ են: «Մերիդիան»-ը օգտագործվում է նավերի, ինքնաթիռների, վերգետնյա կայանների միջև կապի նպատակով, իսկ «ԳԵՕ-ԻԿ» ապարատը երկրաբանական բարձր ճշգրտության չափումների համար է:

ԻՍՐԱՅԵԼԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է

2010թ. արդյունքներով Իսրայելը սպառազինություն արտահանող երկրների ցանկում զբաղեցրել է չորրորդ տեղը: Նախորդ տարի Իսրայելի ռազմական նշանակության ձեռնարկությունները պատվիրատուներին մատակարարել են 9,6 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա, որից 7,2 միլիարդը` արտահանման համար: Ընդ որում, ամեն տարի երկրի ռազմական արտահանման ծավալն ավելանում է. 2005թ. ցուցանիշը 3,5 միլիարդ դոլար էր:

ԻՐԱՆՈՒՄ ՏԱՍՆՕՐՅԱ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տասնօրյա զորավարժություններ է սկսել, որոնց ընթացքում կարձակվեն բազմաթիվ հրթիռներ:
Զորավարժության ղեկավար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ «Մեծ Մարգարե 6» անունը կրող զորավարժության ժամանակ կփորձարկվեն փոքր, միջին և մեծ հեռահարությամբ հրթիռներ, իսկ զորքերի ծովային և ցամաքային տեղաշարժերը «բարեկամության և խաղաղության ուղերձ կլինեն տարածաշրջանի մյուս երկրներին»:

Պակիստանի իշխանությունների պահանջով երկրից վտարվել են բրիտանացի 18 ռազմական խորհրդատուներ, որոնք ուսուցանում էին տեղի զինվորականներին: Պատճառներ չեն նշվում, սակայն առավել հավանական է, որ բրիտանացիները «պատժվել են» ամերիկացիների դաշնակիցը լինելու հանգամանքի համար:
Պակիստանի և ԱՄՆ հարաբերությունները սրվել են Օսամա Բեն Լադենի սպանությունից հետո:

Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը ՌԴ արտաքին հետախուզության ծառայության նախկին գնդապետ Ալեքսանդր Պոտեևին մեղավոր է ճանաչել դասալքության և հայրենիքի դավաճանության համար և հեռակա կարգով դատապարտել է 25 տարվա ազատազրկման: Պոտեևին համարում են ռուսական տասը հետախույզների բացահայտման մեղավորը: