Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ, ՈՐ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՂՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԵՆ

Գերմանական մամուլում բունդեսվերի ներքին փաստաթղթերից հատվածներ են տպագրվել, որոնցում տարբեր օղակների հրամանատարներ իրենց անհանգստությունն են հայտնել անձնակազմի պատրաստվածության ցածր մակարդակի առթիվ:
Փաստաթղթերն առնչվում են 2009-2010թթ. Աֆղանստանում գերմանացիների գործողություններին: Սպաները, մասնավորապես, նշել են, որ զինվորների մի մասը չունի անհրաժեշտ կրակային պատրաստվածություն, տվյալ տարածքում զրահամեքենաների վարման հմտություններ, չի կարողանում վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերել:

Ամերիկյան Raytheon ընկերությունը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության հետ 1,7 միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրել` Patriot ՀՕՊ համակարգերը երրորդ սերնդի պահանջներին համապատասխան արդիականացնելու վերաբերյալ: Գործարքը նախատեսում է նաև սպասարկող անձնակազմի լիարժեք ուսուցանում:

ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԿԾԱՌԱՅԵՆ ԱՄՆ-ԻՆ

Իսրայելական «Երկաթե գմբեթ» և «Աղեղ» հակահրթիռային պաշտպանության համակարգերը Մերձավոր Արևելքում ձևավորվող ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի մաս կկազմեն և կաջակցեն տարածաշրջանում ամերիկյան զորքերի պաշտպանությանը:
Նոր համակարգը կկարողանա պաշտպանել նաև ԱՄՆ դաշնակից արաբական երկրները, նույնիսկ նրանց, որոնց հետ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունի:

Եթե Ռուսաստանի գնած «Միստրալ» ուղղաթիռակիրները տեղեկայվեն Բալթիկ ծովում, ապա Լատվիան փոխհատուցում կպահանջի ՆԱՏՕ-ից` տարածաշրջանում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով:

«ՄԻՍՏՐԱԼՆԵՐԻ» ՎՐԱ ԿՏԵՂԱԿԱՅՎԵՆ ԿԱ-52 ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ

Ռուսաստանն ու Ֆրանսիան վերջապես ստորագրել են «Միստրալ» դասի ֆրանսիական ուղղաթիռակիր երկու նավերի մատակարարման մասին պայմանագիրը, որի շուրջ բանակցություններ ընթանում էին 2009թ. սեպտեմբերից: Պայմանագրով նախատեսվում է երկու պատրաստի նավերի մատակարարում Ռուսաստանին, ինչպես նաև հետագայում ռուսական նավաշինարաններում ևս երկու նավի կառուցում: Ռուսական կողմին կփոխանցվեն նաև անհրաժեշտ տեխնոլոգիաներ, մասնավորապես, SENIT-9 մարտավարական տեղեկատվության ծովային շահագործման համակարգը:

ԱՄՆ-Ը ՓՆՏՐՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԻՐԵՐԻ ՎՐԱ «ՆՇԱՆ ԱՆԵԼՈՒ» ՁԵՎԵՐ

ԱՄՆ ՌՕՈՒ ուզում է ստեղծել «բզեզի չափ» անօդաչու թռչող սարքեր, որոնք ունակ կլինեն աննկատ մոտենալու հակառակորդին և նրա վրա «նշան անելու» հատուկ փոշու կամ հեղուկի միջոցով: Դա ամերիկյան զորքերին հնարավորություն կընձեռի աննկատ հետևելու մարդկանց և տեխնիկային և հարկ եղած դեպքում գերճշգրիտ զենքով անհապաղ ոչնչացնելու նրանց:
ԱՄՆ ՌԾՈՒ արդեն 450 մլն դոլարի պայմանագիր է կնքել «Blackbird Technologies» ընկերության հետ, որը պետք է արտադրի փարոսիկներ` ահաբեկիչների տեղը որոշելու համար:

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԻԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳԻՐԸ

Ռուսաստանի միացյալ ավիաշինական կորպորացիայի (ՄԱԿ) նախագահ Միխայիլ Պողոսյանի խոսքով, ՄԱԿ-ը ծրագրում է 2025թ. գրավել քաղաքացիական ավիատեխնիկայի համաշխարհային շուկայի 10%-ը և ռազմական ավիացիոն տեխնիկայի 15%-ը: Մ.Պողոսյանը վստահ է, որ 10 տարի հետո ՄԱԿ-ը կարող է տեղ զբաղեցնել աշխարհի ավիաշինական ընկերությունների լավագույն եռյակում:
Ծրագրվում է, որ 2025թ. ՄԱԿ-ի արտադրանքի 53%-ը կլինի քաղաքացիական, 25%-ը` տրանսպորտային, 22%-ը` մարտական: